Ներքին 1 ժամ առաջ - 09:00 03-11-2026

Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Նախարար Սրբուհի Գալյանը ամիսներ առաջ հայտարարել էր, թե նոր Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Մարտ ամիսն անցավ, բայց Սահմանադրության տեքստը չերևաց։ Խոստանում էին, որ ընտրություններից հետո կպատրաստեն։ Հունիսի 7-ից անցել է 5 ամիս, բայց տեքստը չկա ու չկա։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, թե հնարավոր է՝ նոյեմբերին, այսինքն՝ այս ամիս, կհրապարակվի նախագիծը։

Ինչո՞ւ են ձգձգում Սահմանադրության նախագծի տեքստի հրապարակումը, և ո՞վ գիտի, թե երբ այն կհրապարակվի։

Նորմալ երկրներում այսպիսի կարևոր աշխատանքներում սահմանվում են կոնկրետ ժամկետներ։ Երբ դրանք խախտվում են, ապա պատասխանատուները ներկայացնում են պատճառները։ Ոչ ոք չի հարցնում, թե մարտ ամսից մինչև հիմա ի՞նչ են անում Արդարադատության նախարարությունում և Սահմանադրական խորհրդում։

Ողջամիտ կասկած կարելի է հայտնել, որ ՔՊ-ական պատգամավորների, նախարարի և վարչապետի կանխակալ կարծիքը, թե ընդդիմությունը խոչընդոտելու է, որ Սահմանադրության նախագիծը դրվի հանրաքվեի, անտրամաբանական պնդում է, քանի որ նախագիծը հրապարակված չէ, հայտնի չէ, թե ինչ է այնտեղ գրված, լա՞վ բաներ են, թե ապազգային։ Հետևաբար՝ տրամաբանական չէ կողմ կամ դեմ արտահայտվել մի բանի, որը ո՛չ տեսել են, ո՛չ կարդացել։ Այսինքն՝ առանց նախագիծը տեսնելու դիրքորոշում հայտնելը հարուցում է ողջամիտ կասկած, որ սա խաղ է։

Առավել տարօրինակ է Փաշինյանի կողմից ժամկետի մոտավոր նշումը։ Նորմալ երկրի ղեկավարը տիրապետում է իրավիճակին։ Եթե հարցն այդքան կարևոր է Փաշինյանի համար, ապա նա կսահմաներ վերջնաժամկետ և այդ մասին կհայտներ ժողովրդին։ Իսկ Փաշինյանն ընդամենը հնարավոր է համարում, թե նոյեմբերին կհրապարակվի։ Սա հիմք է տալիս ենթադրելու, թե նա չգիտի, թե կոնկրետ երբ կհրապարակվի նախագիծը։ Այսինքն՝ այս կարևոր հարցում վարչապետը իրավիճակին չի տիրապետում։ Եվ հնարավոր է՝ ինչ-որ անձինք կամ ուժեր, ի հեճուկս վարչապետի և Արդարադատության նախարարի, կձգձգեն նախագծի հրապարակման օրը։

Ովքե՞ր և ինչքա՞ն կարող են ձգձգել տեքստի հրապարակումը։

Ըստ վարչապետի և նախարար Գալյանի՝ տեքստը պատրաստ է, սակայն այն պետք է քննարկեն Սահմանադրական խորհրդում։ Ահա այստեղ բացվում են խորհրդի անդամների բախտը։ Նրանք կարող են շաբաթներով, ամիսներով, տարիներով քննել և կարևոր առաջարկներ ներկայացնել, հետո էլի քննել մինչև 2031 թվականը։

Սա ձգձգման պահեստային տարբերակն է։ Եթե ընդդիմությունը համաձայնվի կողմ քվեարկել նախագծին։ Այսինքն՝ եթե ընդդիմությունը ձիով քայլ անի և վաղը պատրաստակամություն հայտնի 6 կողմ քվե նվիրել ՔՊ-ին, որ հարցը դնեն հանրաքվեի, ապա նախագծի ձգձգման էստաֆետը կստանձնեն Սահմանադրական խորհրդի անդամները։ Եթե նրանք էլ հանձնվեն, ապա ի հայտ կգան ուժեր, որոնք ցույցեր կանեն, անկարգություններ։

Կարճ ասած՝ ՀՀ Սահմանադրության հարցը ոչ թե խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանն է, այլ պայմանագրի ստորագրման ձգձգման գործիք, որը կիրառում են եռակողմ խաղով։ Սահմանադրության հանրաքվեի ձգձգման հարցում ՔՊ-ի հույսն ընդդիմության անզիջում դիրքորոշման վրա է։ Եթե նրանք անզիջում մնան մինչև վերջ, ապա ՔՊ-ական իշխանությունը թեման կարող է պահել քաղաքական օրակարգի առաջին տողում առնվազն մինչև 2031-ը։ Եվ երբ այս ընթացքում ԵՄ-ն, ԱՄՆ-ն ՀՀ իշխանությունից ակնկալեն կոնկրետ քայլեր ՀՀ անկախության և ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ, ապա Փաշինյանը նրանց խոսքը շաքարով կկտրի՝ ասելով, թե առաջիկա ամիսներին, տարիներին իր առաջնային խնդիրը Սահմանադրության հանրաքվեի հարցում ընդդիմության դիմադրությունը հաղթահարելն է, մինչև դա չանի, ուրիշ ոչինչ չի կարող անել։

Այստեղ կա ռեալ ռիսկ, որ ՀՀ անկախության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության հարցում հայամետ դիրքորոշում ունեցող երկրները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և այլք, հավանաբար, երես կթեքեն ՀՀ-ից, որի իշխանությունը փորձում է երկրորդել Հայաստանի և ժողովրդավարության համար իրապես կարևոր հարցերը։ Այդպիսով Հայաստանը կարող է խոցելի դառնալ, իսկ չբարեկամները կարող են օգտվել առիթից և ոտնձգություն կատարել ՀՀ անկախության և ժողովրդավարության վրա։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան