ԱԺ նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն։
Այս մասին Սարուխանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ պաշտոնը ստանձնել է այսօր՝ ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով։
«Սիրելի՛ հայրենակիցներ, Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը։
Այս ընթացքում ստացել եմ աշխատանքի տարբեր առաջարկներ՝ թե՛ մասնավոր հատվածից, թե՛ պետական և համայնքային կառավարման ոլորտներից։ Սակայն նախընտրել եմ գործունեությունս շարունակել Գյումրիում՝ ծառայելով իմ քաղաքին ու գյումրեցիներին»,- գրել է Սարուխանյանը։
Կարեն Սարուխանյանը նախկինում պետական մի շարք պաշտոններ է զբաղեցրել։ 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունվարն աշխատել է Շիրակի մարզպետի պաշտոնում, ապա եղել Ազգային ժողովի պատգամավոր։
2021 թվականի սեպտեմբերին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, սակայն նույն տարվա դեկտեմբերի 6-ին ազատվել է այդ պաշտոնից։
2025 թվականի դեկտեմբերին Սարուխանյանը հայտարարել էր, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում չի ընդգրկվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, սակայն շարունակելու է գործունեությունը կուսակցությունում։
2026 թվականի սեպտեմբերին
Oragir.News-ի հետ զրույցում նա
նշել էր, որ ընտրություններից հետո դադար է վերցրել, սակայն քաղաքականությունից չի հեռացել։
Հիշեցնենք, որ ՀԷՑ Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը 2025 թվականի օգոստոսի 1-ից զբաղեցնում էր Սարիկ Մինասյանը։
2026 թվականի հուլիսին Մինասյանը հայտնել էր, որ դիմում է ներկայացրել ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատվելու համար՝ միաժամանակ նշելով, որ շարունակելու է աշխատանքը Գյումրիում և ստանձնելու է պատգամավորական մանդատը։
Անահիտ Չալիկյան