Բանակում ինքնասպանության որոշ դեպքեր կապված են որոշակի աղանդի պատկանելու հետ։
Այս մասին նոյեմբերի 3-ին՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
«Մենք ունենք դեպքեր, երբ մարդը հակված է ինքնասպանության, նրան ինքնասպանություն են քարոզում։ Վերջին դեպքում անձի մարմնին դաջվածքներ են հայտնաբերել։ Մասնագետներն ու հոգեբաններն ասում են, որ նման դաջվածքներ անում են ինքնասպանության հակված մարդիկ»,- ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այս հարցը խիստ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից։ ՔԿ նախագահը նաև հայտնել է, որ տվյալ դեպքի առնչությամբ դիմել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։
«Համապատասխան գործընթացներ կսկսվեն, և առաջիկայում հանրությանը կտեղեկացնենք քննության արդյունքների մասին։ Նման մի քանի դեպք կա»,- հավելեց Քննչական կոմիտեի նախագահը։