Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյանը խոսել է Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում բռնաճնշումների, դրանց դրդապատճառների, քաղբանտարկյալների թվի, նրանց հանդեպ Արևմուտքի անտարբերության, ընտրական շրջանում ռեպրեսիաների, դրանց մասին չբարձրաձայնելու, իշխանափոխության հարցում ընդդիմության անգործության, եվրոպական քաղաքական ճգնաժամի, մարդու իրավունքների գաղափարախոսության, մեր երկրում խմբային շահերի և բացարձակ արժեքների անհամաչափ լինելու, իրավապաշտպանի ինստիտուտի ու նրա հանդեպ հանրային վերաբերմունքի մասին:
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ քաղբանտարկյալների հստակ թվի մասին խոսել չենք կարող, սակայն քաղբանտարկյալ պետք է համարել նաև տնային կալանքի տակ գտնվողներին, օրինակ՝ Արմեն Աշոտյանին:
Իրավապաշտպանը նշում է, որ իշխանափոխություն չլինելու հարցում մեծ դեր ունի այն ընդդիմադիր ուժը, որը արդեն երկրորդ ընտրություններն է՝ պնդում է, որ հեռացնելու է Փաշինյանի իշխանությանը, սակայն դա նրան չի հաջողվում. «Պատճառն այն է, որ կոնստրուկտիվ ընդդիմության պահանջարկ չկա, Փաշինյանը թող լինի, բայց ինչ-որ կոնստրուկտիվ բաներ անենք, ընդդիմադիր պահանջարկը արմատական բնույթի է, պետք է արմատական մոտեցում լինի, իշխանափոխություն, այլ ոչ թե իշխանության ներքո ինչ-ոչ բանակցային գործընթաց. այս տեսանկյունից պատասխանատվության մեծ դեր ունի այն ընդդիմադիր ուժը, որը դրոշակակրի դերում է հանդես գալիս և վստահեցում արդեն երկրորդ ընտրություններում, որ հեռացնելու է Փաշինյանի իշխանությանը»:
Խոսելով քաղբանտարկյալների հանդեպ Արևմուտքի անտարբերության ու լռության մասին՝ Մելիքյանը նշում է, որ այս հարցում բավարար աշխատանք չի տարվել, անընդհատ դռներ չեն ծեծել, մինչդեռ այդ դեպքում ինչ-որ դուռ կբացվեր:
Անդրադառնալով այն մտքին, որ իշխանությունն իր քաղաքականությամբ ու քարոզչությամբ հասարակության մեջ սպանում է հումանիզմը, իրավապաշտպանն ընդգծում է. «Մեր իրավիճակը արտակարգ իրավիճակ է, Նիկոլ Փաշինյանը և նրա ամբողջ խումբը երկու ուղղությամբ են աշխատում. մեկը՝ մարդու մեջ մարդկայինը սպանելու ուղղությամբ, երկրորդը՝ նորմալ է ամեն ինչ,այդպես էլ պետք է լիներ. երկուսն էլ ծրագրավորված քաղաքական գծեր են»:
Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական զրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան