Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:44 15-04-2025

Ակտիվորեն աշխատում ենք ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ. Ջարեդ Գենսեր

«Նովայա Գազետա» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում պահվող ամենահայտնի հայ գերու՝ Ռուբեն Վարդանյանի մասին, որի նկատմամբ «դատավարությունը» շարունակվում է, և այսօր հերթական նիստն է:

Հոդվածում հրապարակված է նաև Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի հարցազրույցը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.

— Ի՞նչ է հայտնի Ռուբեն Վարդանյանի ներկայիս վիճակի մասին: Ինչպե՞ս է նա իրեն զգում:
— Մարտի 12-ին հացադուլն ավարտելուց հետո Ռուբենի վիճակն այս պահին կայուն է: Ինչպես մանրամասն նկարագրված է իմ հայտարարության մեջ, նրա հացադուլը տևել է 23 օր և լուրջ ազդեցություն է ունեցել առողջության վրա: Նա կորցրել է ավելի քան 6 կգ, և նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր մակարդակի վրա է՝ 140/110, ինչը համապատասխանում է 2-րդ աստիճանի հիպերտոնիային: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առանցքային դեր ուներ նրա բժշկական խնամքն ապահովելու գործում: Սակայն ԿԽՄԿ-ն Ադրբեջանից վտարելու նախագահ Ալիևի կարգադրությունը սպառնում է ինչպես բժշկական օգնության հետագա հասանելիությանը, այնպես էլ ընտանիքի հետ նրա կապի ապահովմանը:

— Ինչպիսի՞ն են Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հնարավորությունները:
— Մենք շատ ակտիվորեն աշխատում ենք ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ: Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշումը գնալով մեծանում է:

— Ինչո՞ւ է Արևմուտքն այդքան պասիվ հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության հարցում:
— Չեմ կարծում, որ իրավիճակի նման բնութագրումը արդարացի է: Գուցե նախկինում այդպես էր, բայց վերջին ամիսներին կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Անցյալ տարվա հոկտեմբերին, նախընտրական քարոզարշավի ընթացքում, նախագահ Թրամփը հայտարարեց, որ Ալիևի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում են, և եթե ընտրվի, կպաշտպանի հալածված քրիստոնյաներին:
Այդ ժամանակից ի վեր Թրամփի վարչակազմը հաստատում է այս դիրքորոշումը ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր դիվանագիտության միջոցով: Օրինակ, 2025 թ. մարտի 16-ին ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցն այդ մասին հրապարակային գրառում արեց:
Նախագահ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշումից բացի, հարկ է նշել Եվրամիության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին նախաձեռնությունները: Մարտի 3-ին ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ արեց անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Ադրբեջանում, իսկ մարտի 12-ին Եվրամիությունը ներկայացրեց բանաձևի համատեղ առաջարկ՝ դատապարտելով հայ պատանդների դեմ ցուցադրական դատավարությունները:

— Կարո՞ղ է Թրամփի վարչակազմը միջամտել Վարդանյանի գործին:
— Թրամփի վարչակազմն արդեն հստակ հասկացրել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն իր համար առաջնահերթ խնդիր է: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը կաջակցի խաղաղության համաձայնագրին, եթե գերիները չազատվեն մինչև դրա կնքումը կամ ստորագրման պահին: Վստահ եմ, որ Թրամփի վարչակազմը, այլ շահագրգիռ կողմերի հետ միասին, այս դիրքորոշումը հասանելի է դարձնում նախագահ Ալիևին: Եթե Ալիևը պատշաճ կերպով չարձագանքի, ակնկալում եմ, որ ուղղակի հետևանքներ կլինեն:
Ալիևի փոխարեն ես շատ կանհանգստանայի, քանի որ Թրամփը դասական քաղաքական գործիչ չէ, ով սահմանափակվում է աստիճանական միջոցառումներով: Ինչպես արդեն տեսել ենք նրա երդմնակալությունից հետո, նա կարող է գնալ անսպասելի, անհամաչափ և նույնիսկ կոշտ քայլերի:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի