Մամուլ 31 րոպե առաջ - 08:08 24-11-2026

Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է։ Ուսանողների շրջանում դժգոհություն է հասունանում՝ կապված բուհի հնարավոր միավորման ծրագրի հետ։ Մեր տեղեկություններով՝ ուսանողներն արդեն սկսել են ստորագրահավաք՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելով նախաձեռնության վերաբերյալ։ Ստորագրահավաքին, ըստ մեր աղբյուրների, միացել են բազմաթիվ ուսանողներ։

Խոսքը Բրյուսովի անվան պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ միավորելու վաղեմի ծրագրի մասին է, որը դեռևս 2022 թվականին մեծ աղմուկ էր բարձրացրել։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին, երբ հայտնի դարձավ կառավարության նախաձեռնության մասին, Բրյուսովի ուսանողներն ու դասախոսները դուրս եկան պայքարի։ Համալսարանում դասադուլ սկսվեց, կազմակերպվեց ստորագրահավաք։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 2000 ուսանող էր ստորագրել՝ դեմ արտահայտվելով բուհի միավորմանը։ Այն ժամանակվա ռեկտոր Կարինե Հարությունյանը ևս միացել էր ուսանողների պայքարին՝ հայտարարելով, որ Բրյուսովը չպետք է միավորվի որևէ այլ բուհի հետ։

Բողոքի ալիքը շարունակվեց շուրջ տասը օր, և Կառավարությունը ժամանակավորապես հետ կանգնեց նախաձեռնության իրագործումից։ Սակայն, ինչպես ցույց են տալիս հետագա զարգացումները, բուհերի խոշորացման օրակարգը չվերացավ։

Հատկանշական է, որ 2023 թվականին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Դավիթ Գյուրջինյանը, որը 2024 թվականին ընտրվեց ռեկտոր։ Իսկ այժմ, երբ բուհերի միավորման հարցը կրկին օրակարգ է եկել, համալսարանի ղեկավարության դիրքորոշման շուրջ նոր հարցեր են առաջացել։

Նոյեմբերի 21-ին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Բրյուսովում քննարկվել է երեք բուհերի միավորման հարցը՝ բրիտանացի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ըստ այդ տեղեկությունների՝ ուսանողները դեմ են արտահայտվել՝ նշելով, որ Բրյուսովի մասնագիտական ուղղվածությունը չի համապատասխանում առաջարկվող կրթական կլաստերին։ Նշվել է նաև, որ միավորման հնարավոր ժամկետներ են դիտարկվում 2027 թվականի հունվար-փետրվար ամիսները։

Ուշագրավ է նաև ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի դիրքորոշման հարցը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ուսանողների հետ զրույցներում նա դեմ է արտահայտվել միավորմանը և վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում նման գործընթաց չի իրականացվի։ Սակայն նույն լրատվամիջոցի հետ զրույցում Գյուրջինյանը հայտարարել է, որ կողմ է միավորմանը։

Այսպիսով, հարց է առաջանում՝ ի վերջո ո՞րն է Բրյուսովի ռեկտորի իրական դիրքորոշումը։ Եթե համալսարանի ղեկավարն էլ է դեմ միավորմանը, ապա ինչո՞ւ է հրապարակային դիրքորոշումն այլ։ Իսկ եթե կողմ է, ապա ինչպե՞ս է պատրաստվում բացատրել իր մոտեցումը ուսանողներին, որոնք արդեն պատրաստվում են նոր պայքարի ալիք բարձրացնել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է