Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի տաղավարում
Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը և հասարակական գործիչ Արամայիս Աղաբեկյանն ամփոփել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները:
Անդրադարձ է եղել Աջափնյակում կրպակների ու խանութների ապամոնտաժմանը, Երևանում ՄԱԿ-ի բնակլիմայական համաժողովի՝ COP17-ի անցկացմանը, անկլավների ու էքսկլավների վերաբերյալ Փաշինյանի՝ օրերս հնչեցրած արտահայտություններին, ջնջվող արխիվներին և ուշագրավ այլ հարցերի:
Անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունը Աջափնյակում՝ Շինարարների փողոցում գտնվող կրպակների ու խանութների ապամոնտաժումն էր քաղաքապետարանի կողմից՝ ներառյալ այն կրպակների, որոնց քանդումն արգելող դատարանի որոշում կար:
«Հանուն արդարության պետք է ասել, որ կրպակները չի կարելի ամեն տեղ կառուցել, դրանք աղավաղում են քաղաքի տեսքը, մարդիկ պետք է քայլելու տեղ ունենան, բայց մյուս կողմից էլ մենք գործ ունենք մարդու սրբազան իրավունքի՝ սեփականության իրավունքի հետ, որը, պարզվում է, այլևս սրբազան չէ, կարելի է ոտնահարել, հաշվի չնստել, անտեսել, կոմպրոմիսի չգնալ, առաջարկ չանել, այլ չոր ուժով գնալ, քանդել դրանք»,- նշեց Գևորգ Էմին-Տերյանը:
Ըստ վերջինիս՝ սա արվում է նրա համար, որ ժամանակ ձգվի, քանի որ դատական գործընթացները տարիներ են տևում, շատերն էլ գուցե չդիմեն դատարան տարբեր պատճառներով, և մոտ 10 տարի անց հաջորդ իշխանությունը կփոխհատուցի մարդկանց:
«Սա շատ վատ միջադեպ է, քանի որ նախ՝ սեփականության վկայականը կորցնում է իր նշանակությունը, երկրորդ՝ ամեն իշխանություն ինչ ուզենա, կարող է անել»,- շեշտեց Գևորգ Էմին-Տերյանը:
Զրույցի ընթացքում տեսակետ հնչեց, որ ճիշտ է քանդել քաղաքում կառուցված բոլոր ապօրինի շինություններն ու կառույցները, սակայն օրենքի շրջանակում, և ապօրինի գործունեության ու անգործության համար դատել բոլոր այն մարդկանց, որոնք կապ ունեն ապօրինի շինթույլտվությունների հետ:
«Մենք պիտի շնորհակալ լինենք Ռոբերտ Քոչարյանին, որ ինքն է կառուցել Հյուսիսային պողոտան, եթե հանկարծ Հյուսիսային պողոտան ինքը չկառուցեր, այլ կառուցեր Տիգրան Ավինյանը, Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանը, այդտեղ լինելու էին 100-հարկանի շենքեր, քաղաքի տեսքը չէր երևա»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:
Արամայիս Աղաբեկյանն էլ շեշտեց, որ ուշագրավ է այն հանգամանքը՝ մարդիկ Աջափնյակի կրպակների հարցով մոտ 10 օր առաջ դիմել են թաղապետարան, նրանց վստահեցրել են, որ ապամոնտաժվելու են միայն ապօրինի շինությունները, սակայն իրականում այդպես չեղավ, ուստի այս որոշումն ընկալվում է որպես բացառապես քաղաքական:
Այս և այլ հարցերի մասին ամբողջական զրույցը՝ տեսանյութում: