ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպեց հանդիպում, որի շրջանակներում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները և դեսպան Մկրտչյանը հանդիպեցին նախագահ Դոնալդ Թրամփի, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ-ի նախագահի երկարամյա հոգևոր խորհրդատու Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիայի Մեծ կաթողիկոսության Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ՝ Գերաշնորհ Տեր Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը և Գերաշնորհ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի հայ կաթողիկոսության առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանչական միության ավագ հովիվ, սուրբ Հենրի Շահնազարյանը։
Հանդիպման ընթացքում եղավ մտքերի փոխանակում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների հարցերի շուրջ, ինչպես նաև խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերի մասին: Ընդգծվեց ժողովուրդների միջև խաղաղության հաստատման և փոխըմբռնման ամրապնդման կարևորությունը՝ այս գործընթացում շեշտը դնելով հավատքի ու հոգևոր արժեքների դերի վրա:
Հայ հոգևոր առաջնորդները միասնական աղոթք մատուցեցին և խնդրեցին Աստծո օրհնությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարեկեցության ու ապագայի, ինչպես նաև երկու երկրների միջև բարեկամության համար:
Իրենց աղոթքում հոգևոր առաջնորդներն անդրադարձան նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը Հայաստանում հաստատված խաղաղության գործընթացում։
Այս հանդիպումը հավանաբար կայացավ Սպիտակ տան նախաձեռնությամբ։ Հանրապետական կուսակցությունը նախընտրական դաժան պայքարում փորձում է ստանալ էթնիկ փոքրամասնությունների ձայները։
Ընտրական տեխնոլոգիաների ամերիկացի փորձագետները հայերին դասում են այն 10 ազգային փոքրամասնությունների շարքին, որոնց ձայները նշանակություն ունեն համազգային ընտրություններում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ամենամեծ նահանգում՝ Կալիֆոռնիայում, ապրում է 965,000 հայ։
Հայերի պատկառելի ներկայացուցչություն կա այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Իլինոյսը, Մասաչուսեթսը, Նյու Յորքը, Փենսիլվանիան և մի շարք այլ նահանգներ։
Վերոնշյալ ընդունելությունը փաստացի հարվածում է վարչապետ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը։ Հայաստանի դեսպանին հրավիրել էին արարողակարգի համաձայն և քաղաքավարությունից ելնելով։
Նախագահ Դոնալդ Թրամփի համար հայ ընտրողների ձայները այժմ առավել քան կարևոր են։ Սպիտակ տանը շատ լավ տեղյակ են Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին, և այս համատեքստում նախագահ Թրամփը, ընդհակառակը, ցույց է տալիս իր հարգալից վերաբերմունքը հավատացյալ հայերի և նրանց կրոնական հաստատությունների նկատմամբ։
«ՆԿ»-ի քաղաքականության բաժին