Ողջամիտ կասկած կա, որ ՔՊ-ական իշխանություններն ուզում են հետ շրջել պետության ղեկը, հակաքաղաքակրթական կուրս վարել և խորացնել ռուսական ազդեցությունը Հայաստանում։ Այդպիսի շրջադարձ կատարվել է 2013-ի սեպտեմբերի 3-ի մութ գիշերը, երբ 4 տարի ԵՄ-ի հետ բանակցելուց հետո ՀՀ իշխանությունը շրջվեց հետ՝ դեպի ՌԴ, հիասթափեցնելով ժողովրդին, որը լցվել էր հույսով, թե ՀՀ իշխանությունն անկախության, ժողովրդավարության պաշտպանության ուղու վրա է, քաղաքակրթությանը համընթաց զարգանալու է։
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում եմ եղբայրական, քննարկումները գնահատում եմ կառուցողական, խնդիրները գնահատում եմ լուծելի։ Բոլոր մակարդակներում, որոնք ինձ հայտնի են, գնահատում եմ լուծելի և կառուցողական»,- COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Գուցե բա՞ն է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն ՀՀ-ին արդեն քանի տարի է՝ զենք չի տալիս, այսինքն՝ սպառազինության մատակարարման պայմանավորվածությունները չեն գործում։ Թե քանի 100 միլիոնավոր դոլարներ է ՌԴ-ն այս տողով պարտք ՀՀ-ին, հաշիվն արդեն ոչ ոք չի էլ հիշում։ Կարելի՞ է այս ոլորտում հարաբերությունները, իրավիճակն ու հարցերը բնութագրել կառուցողական, եղբայրական, լուծելի։ Ենթադրաբար՝ ոչ։
Մի քանի ամիս առաջ փակվեցին ռուսական շուկայի դռները հայկական ապրանքների առաջ։ Ռուսական վերահսկողություն իրականացնող կառույցներ նորանոր սանկցիաներ են կիրառում հայկական արտադրանքի դեմ։ Հարյուրավոր տնտեսվարողներ, արտադրողներ, փոխադրողներ, գյուղացիական տնտեսություններ են տուժել։ Այստեղ էլ ե՞ն հարաբերությունները եղբայրական ու կառուցողական։ ԵՄ-ն մաքսային արտոնություններ է սահմանել ՀՀ-ից ներկրվող բազմաթիվ ապրանքների համար։ Եթե ՌԴ-ի հետ ամեն ինչ եղբայրական է, կառուցողական ու լուծելի, ապա ինչո՞ւ կամ ո՞ւմ համար է ԵՄ-ն Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքատեսակների նկատմամբ արտոնություններ սահմանել։
ՔՊ-ական պատգամավորների, գործարարների համար ՌԴ մուտքն արգելված է։ Լուսինե Բադալյանն է ահազանգել, որ իրեն արգելել են մուտք գործել այդ երկիր՝ առանց հիմնավոր պատճառաբանություն ներկայացնելու։ Օրինակ՝ ռուս որոշ պաշտոնյաների մուտքը ԵՄ երկրներ արգելված է, քանի որ նրանք ինչ-ինչ ներգրավվածություն են ունեցել Ուկրաինայի դեմ պատերազմում կամ կասկածվում են մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ ՔՊ-ական պատգամավորներն ի՞նչ են արել, որ նրանց մուտքը ՌԴ արգելված է։ Սա միջազգային սկանդալի թեմա՞ է, թե՞ եղբայրական, կառուցողական ու լուծելի հարց։ Գուցե Մոսկվան եղբայրական սիրուց ելնելով է արգելել Լուսինե Բադալյանի մուտքը և սպասում է Արարատ Միրզոյանի կառուցողական զիջումներին, որ արգելքը հանի։
Ի վերջո՝ Արարատ Միրզոյանի վերը բերված հայտարարությունը հակասում է հունիսի 7-ից հետո կազմավորված ՀՀ կառավարության ծրագրի Արտաքին քաղաքականության բաժնի 8-րդ կետին, որում նշված է հետևյալը. «Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում. Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ»։
Բոլորն էլ հիշում են հունիսի 7-ի նախընտրական պայքարը, երբ ՔՊ-ն ներկայանում էր որպես անկախության, ժողովրդավարության ջատագով, մրցակիցներին որակում ռուսական գործակալներ, խոսում ռուսական հիբրիդային սպառնալիքի, դրա դեմն առնելու միասնական ջանքի մասին և այլն։ ՔՊ-ին ընտրողների մի մասը, ենթադրաբար, հավատացել է այս քարոզին։ Իսկ հիմա ԱԳՄԱ նախարարը ասում է հակառակ բան։ Գուցե արդեն վերափոխե՞լ ու խորացրե՞լ են ՌԴ-ի հետ գործընկերային հարաբերությունները և դարձել եղբայրական, ինչը մի քանի աստիճան բարձր է գործընկերայինից։
Պարզ ասած՝ եթե հայ-ռուսական հարաբերությունները գործընկերայինից դարձել են եղբայրական, ապա ՔՊ-ական կառավարությունը պետք է կա՛մ վերաշարադրի ծրագրի 8-րդ կետը, կա՛մ հրաժարական տա ու ԱԺ նոր ընտրություններ նշանակի, որտեղ ՔՊ-ն հանդես կգա այն դիրքորոշմամբ, ինչն այսօր հայտնում է Միրզոյանը։ Այս պարագայում ՔՊ-ն կպարտվի ու ընդդիմություն կդառնա, ինչպես հունիսի 7-ին պարտվել ու ԱԺ ընդդիմության նիշան են զբաղեցնում այսօր ռուսամետ ուժերը։
Թաթուլ Մկրտչյան