Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է նորաստեղծ «Սկզբունք» շարժման ներկայացուցիչ Լևոն Չուկակլյանը:
Լևոն Չուկակլյանը խոսել է նորաստեղծ շարժման առաջին նպատակի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու, դրա իրատեսական լինելու, ընդդիմադիր ուժերի հետ միավորվելու, Նիկոլ Փաշինյանի առաջ բերած «իրական Հայաստան» կոնցեպտին հակառակ օրակարգ չլինելու, վարչապետի լիազորությունները սահմանափակելու իրենց առաջարկի և այլ հարցերի մասին:
«Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց բացի՝ մենք ունենք նաև համակարգային փոփոխությունների տեսլական: Ի՞նչ է պետք անել, որպեսզի այլևս չունենանք Նիկոլ Փաշինյաններ, չունենանք այնպիսի համակարգային կառավարման մեթոդաբանություն, երբ մի անձի ձեռքում կենտրոնանում է ամբողջ իշխանությունը, և ինչ ուզի՝ բանակցի, ինչ ձևով ուզի՝ բանակցի և երկիրը բերի այնպիսի անվտանգային իրավիճակի, երբ որ ուղղակի գոյաբանական հարցեր են առաջանում մեր պետության համար: Այս իրավիճակից դուրս գալու ելքն է, որպեսզի ուժերը միավորվեն հստակ օրակարգի շուրջ՝ մնացած տարաձայնությունները մի կողմ թողնելով»,- նշեց նա:
Ըստ Լևոն Չուկակլյանի՝ անցած խորհրդարանական ընտրությունները փաստեցին, որ Հայաստանում երբևէ ընտրական ճանապարհով իշխանություն չի փոխվում, փոխվում է միայն փողոցային պայքարի արդյունքում:
Նա կարծիք հայտնեց, որ 1991 թվականից հետո դե ֆակտո պետություն չենք ունեցել, և եթե մեկ անձին մյուսով փոխարինենք, դրանից ոչինչ չի փոխվի. «2018 թվականի պրոցեսները ի վերջո հանգեցին նրան, որ մեկ անձի իշխանությունը փոխվեց մեկ այլ անձով: Ի՞նչ ունենք հիմա, փաստացի ազգադավ իշխանություն, մի մարդ, ով ամեն բան ավիրում ա իր ճանապարհին»:
Լևոն Չուկակլյանը նշեց, որ իրենք առաջարկում են վարչապետի իշխանությունը բալանսավորել նախագահի ինստիտուտով, որը պետք է փոխվի պետական խորհրդի ինստիտուտի:
Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան