FIBA Europe-ը հաստատել է 2027 թվականի բասկետբոլի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների անցկացման քաղաքներն ու ժամկետները։
Տղամարդկանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարը կանցկացվի հուլիսի 9-18-ը Բաքվում։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ավելի վաղ ներկայացրել էր մրցաշարին մասնակցելու հայտ։
Եվրոպայի առաջնությունների անցկացման վայրերի վերաբերյալ որոշումն ընդունվել է FIBA Europe-ի խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում։
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մասնակցության հայտեր է ներկայացրել բոլոր վեց տարիքային հավաքականների համար՝ մինչև 16, 18 և 20 տարեկան տղաների ու աղջիկների մրցաշարերում։
Այսպիսով, Հայաստանի մինչև 20 տարեկանների տղամարդկանց հավաքականը կարող է մասնակցել Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Միևնույն ժամանակ, հայտ ներկայացնելը դեռ չի նշանակում մասնակցության վերջնական հաստատում։ Մասնակիցների պաշտոնական կազմը և վիճակահանության արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։