Մամուլ 15 ժամ առաջ - 08:51 07-10-2026

ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է, «Շաքիի խայտառակ միջադեպից, Ալիեւի չդադարող սպառալիքներից վերջին օրերին բարձրացած հանրային աղմուկը մարելու նպատակով երեկ Նիկոլ Փաշինյանն իր նորաթուխ ուսապարկերին հրահանգավորել` ուղարկել էր խորհրդարան: Նրանք էլ, մոռանալով բարեկիրթ լինելու մասին իրենց իսկ լոզունգները, միտումնավոր սրեցին իրավիճակը խորհրդարանում եւ կռվի մեջ մտան ընդդիմադիրների հետ: Երեկ ԱԺ-ում 9-րդ գումարման խորհրդարանի առաջին ձեռնամարտը բեմադրվեց: Իշխանությունը հույս ուներ, թե մարդիկ կսկսեն քննարկել խորհրդարանական միջադեպը, այլ ոչ թե խայտառակ, իրենց թշվառությունն ու անկարողությունը ցուցադրող դեպքերը։

Այն, որ իշխանությունը հատուկ սարքեց երեկվա ձեռնամարտը, կարելի է տեսնել բախման տեսագրությունն ուշադիր դիտելիս` մինչ երկուստեք ռեպլիկներ, փոխադարձ վիրավորանքներ էին տեղից նետում, դահլիճում տեղից կայծակի պես պոկ եկավ Փաշինյանի քավորեղբայր Վահե Ղալումյանը եւ բռունցքները վեր պարզած՝ նետվեց դեպի ընդդիմադիրների շարքերը։ Նրան հետեւեցին այլ նորաթուխ ՔՊ-ականներ, որոնք բռնցքամարտի իրենց ունակությունները ցուցադրեցին բախման առաջին վայրկյաններից։ Իսկ մթնոլորտը լարվեց Հայ առաքելական եկեղեցու հարցով ՔՊ-ի նախաձեռնած քննիչ հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ բանակի մահերը եւ Շաքիի դեպքը քննելու համար հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմության առաջարկի պատճառով:

«Ուժեղ Հայաստան» խմբակ­ցությունն առաջարկեց քննիչ հանձնաժողով ստեղծել՝ բանակում մահվան դեպքերն ու Շաքիում տեղի ունեցած միջադեպը քննելու համար։

«Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջին ամիսներին բանակում շատացել են ինքնասպանության դեպքերը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այսօր հանդես կգա առաջարկով՝ ստեղծել քննիչ հանձնաժողով»,- հայտարարեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Քննարկումն ուղեկցվում էր իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների փոխադարձ մեղադրանքներով։ Աբրահամյանի հարցադրմանը, թե «պետք է պարզել՝ պաշտպանության նախարարը ֆեյք է, թե ոչ», ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի (նկատի ուներ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին` Լ. Շ.), որը, պարզվեց՝ ո՛չ հաջորդն է, ո՛չ էլ երբեւէ լինելու է վարչապետ»։ Իսկ երբ խոսեց Սամվել Կարապետյանի` հայերեն չիմանալու մասին, ընդդիմադիրներն արձագանքեցին, թե Կարապետյանն իրենից լավ է տիրապետում հայերենին: Ռուբինյանն առաջարկեց միասին շարադրություն կամ թելադրություն գրել։

Ավելի ուշ իրավիճակը լարվեց «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ։ ԱԺ նախագահն անջատեց նրա խոսափողը՝ պատճառաբանելով, թե պատգամավորն օրակարգից չի խոսում։ Իսկ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրում էր պետական միջոցները վատնելու մեջ եւ պատգամավորներին կոչ էր անում չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգեւավճարը։ Ղազարյանին տեղից արձագանքեց ՔՊ ֆրակցիայի քարտուղար Վովա Հակոբյանը՝ «ուժեղներին» անվանելով «հանրապետական թալանչիներ», ինչից էլ շիկացան կրքերը, եւ տեղի ունեցավ բախում։

Նկատենք, որ Ռուբեն Ռուբինյանն էլ թեեւ օրեր առաջ բարեվարքության կոչեր էր անում, երեկ աչքի էր ընկնում շատ ագրեսիվ պահվածքով եւ կարծես միտումնավոր լարվածություն էր առաջացնում, որ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նրան խայթեց, որ եթե այսպես շարունակի, կսկսեն կարոտել Ալեն Սիմոնյանին, որի ժամանակ ներդրվեց ծեծկռտուքը դադարեցնելու եւ ՊՊԾ աշխատողների կողմից պատգամավորներին ուժով դահլիճից հեռացնելու ավանդույթը։ Նկատենք նաեւ, որ ընդդիմադիրները նույնիսկ ծեծկռտուքից հետո փորձում էին բարձրացնել այն հարցերը, որոնցից ՔՊ-ականները խույս էին տալիս»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
11:33 Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից
08:51 ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար․ «Հրապարակ»
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
10:32 Շաքի գյուղում կատարվածը միայն գյուղի խնդիրը չէ, դա մեր ամբողջ պետության խնդիրն է․ Ծառուկյան