Թուրք հայտնի լրագրող Ադնան Բուլութն անդրադարձել է վերջին շրջանում սոցցանցերում տարածվող կոշտ հրապարակումներին, որոնք վերաբերում են Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին ու Ադրբեջանում գլխաշոր կրելու արգելքին։
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լրագրողը խոսել է Ադրբեջանին քննադատող թուրք օգտատերերի գրառումների մասին ու ընդգծել, սոցիալական ցանցերում Ադրբեջանի հասցեին կոշտ արտահայտություններ են օգտագործում մարդիկ, որոնք երբևէ չեն եղել Ադրբեջանում, ծանոթ չեն այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց սոցիալական ցանցերում Ադրբեջանի դեմ կոշտ բառապաշար են օգտագործում։
Բուլութի խոսքով՝ Ադրբեջանին ուղղված վերջին քննադատությունները հիմնականում երկու թեմայի շուրջ են՝
1. Ադրբեջանի դպրոցներում գլխաշորի քաղաքականությունը։
2. Ադրբեջանի առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ։
Այս համատեքստում Բուլութը հիշեցրել է Թուրքիայի և Իսրայելի առևտրային հարաբերությունների մասին՝ նշելով, որ մինչ Թուրքիան շարունակում է առևտուր անել Իսրայելի հետ, թուրքերը Ադրբեջանին քննադատում են Իսրայելի հետ առևտուր անելու համար։
Բուլութը նշում է, որ վեճը միայն Թուրքիայով չի սահմանափակվում։ Ադրբեջանից ևս հնչում են կոշտ արձագանքներ Թուրքիայի հասցեին։ Նա երկու կողմերի այս պահվածքն ու փոխադարձ վիրավորանքները որակել է որպես «հիմարության մրցավազք սոցիալական ցանցերում»։
Թուրք լրագրողը երկու հասարակություններին կոչ է անում խոհեմություն ցուցաբերել, սթափվել և չսրել իրավիճակը՝ ընդգծելով, որ ապագայում Թուրքիան և Ադրբեջանը դեռ ունենալու են միմյանց աջակցության կարիքը։