Oragir.News-ի հետ զրույցում Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լարիսա Զազյանը, անդրադառնալով Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպին, հայտնեց, որ կապ է հաստատել դպրոցի տնօրինության հետ և պարզել, որ նրանք ծնողների հետ միասին գտնվել են իրավապահ մարմինների մոտ. «Տնօրենի հետ եմ խոսել, իրենք ոստիկանությունում էին... իմացա, որ գիշերվա 11-ի, 12-ի կողմերը նոր դուրս են եկել»,-նշեց Զազյանը։
Հարցին, թե ՊՈԱԿ-ի աշխատակիցները այցելե՞լ են երեխային, մեր զրուցակիցը պատասխանեց, որ մայրը մերժել է տեղական հոգեբանների աջակցությունը. «Անձամբ եմ զանգահարել տուժած 7-ամյա աղջկա մորը՝ առաջարկելով կենտրոնի հոգեբանների անհապաղ աջակցությունը, սակայն ծնողը հրաժարվեց տեղի մասնագետների ծառայություններից՝ ասելով, որ արդեն Երևանից են աշխատում հոգեբանները»։ Այնուամենայնիվ, մայրը վերցրել է ՏՄԱԿ տնօրենի հեռախոսահամարը՝ հետագայում ցանկացած հարցով աջակցություն ստանալու համար։
Անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է արած լիներ ցածր դասարանի երեխան, որ արժանանար նման պատժի, Լարիսա Զազյանն ասաց. «Թեկուզ 12-րդ դասարան, տասներորդ լինեն՝ կապ չունի, երեխայի նկատմամբ ծեծ, բռնություն բացարձակ չեմ ընդունում»։ Նա նաև նշեց, որ տվյալ ուսուցչի հետ կապված մինչ օրս նմանատիպ արտառոց դեպք երբևէ չէր արձանագրվել։
ԿԳՄՍ նախարարությունից էլ
Oragir.News-ին հայտնեցին, որ գերատեսչությունն արդեն պաշտոնապես դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի քննելու և դասարանի բոլոր երեխաների շահերը պաշտպանելու նպատակով։
«Միաժամանակ՝ առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,- փոխանցեցին նախարարությունից։
Մեր հարցին՝ արդյոք ուսումնասիրվե՞լ է գործը և պարզվե՞լ է, թե ինչն է եղել ուսուցչուհու նման վարքագծի պատճառը, ԿԳՄՍՆ-ի մամուլի խոսնակը հայտնեց հետևյալը․ «Այս պահին քննչական գործողություններ են ընթանում, մանրամասների համար դիմեք Քննչական կոմիտե: Իմ տեղեկություններով՝ ուսուցիչն այս պահին ներգրավված է քննչական գործողություններում»։
Հասմիկ Մովսիսյան