Արթիկի գործող համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանը ներկայացրել է գույքի, եկամուտների և դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիրը։
Oragir.News-ը ներկայացնում է, թե ինչ է հայտարարագրել գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը։ Ոսկանյանի հայտարարագրում նշված է, որ հայտարարագրման պահին նրա դրամական միջոցները կազմել են 34 մլն դրամ։
Բացի այդ, նա տարվա ընթացքում ստացել է ավելի քան 9 մլն դրամ աշխատավարձ։ Մասնավորապես՝ Արթիկի համայնքապետարանի աշխատակազմից նրա եկամուտը կազմել է 9 մլն 66 հազար 618 դրամ։ Համայնքապետը հայտարարագրել է նաև 600 հազար դրամ, որը ստացել է որպես ավագանու ծախսերի փոխհատուցում։
Սակայն հայտարարագրի մեկ այլ կետում ևս ուշագրավ թիվ կա։ Անանիկ Ոսկանյանը 23 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել ավտոմեքենայի օտարումից։ Խոսքը 2007 թվականի արտադրության Toyota Land Cruiser 200-ի մասին է։
Այսինքն՝ 23 մլն դրամը նրա հայտարարագրում նշված է որպես մեքենայի վաճառքից ստացված եկամուտ, ոչ թե ներկայումս ունեցած մեքենայի արժեք։ Արթիկի գործող համայնքապետը հայտարարագրել է 2 անշարժ գույք։
Հայտարարագրում նշված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող 62.60 քմ բնակարան և Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրում գտնվող 100 քմ հողամաս։ Հիշեցնենք, որ Անանիկ Ոսկանյանը 2008-2021 թվականներին ղեկավարել է Պեմզաշեն համայնքը, 2023 թ.-ից ղեկավարում է Արթիկ խոշորացված համայնքը։
Անահիտ Չալիկյան