Ներքին Տեսանյութ 53 րոպե առաջ - 19:49 06-10-2026

Ամիսների տանջանքը՝ անասնակեր․ Ազատանում կարտոֆիլը մնում է պահեստներում, գյուղացիները շուկա չեն գտնում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի գյուղերում գյուղատնտեսական տարվա ամիսների աշխատանքը սպառնում է վերածվել կորուստների։ Գյուղացիները կարտոֆիլի բերքը հավաքել են, սակայն դրա իրացման հարցը շարունակում է չլուծված մնալ․ արտադրանքը մնում է պահեստներում, իսկ նոր շուկա գտնելը գյուղացիների համար օրեցօր ավելի դժվար է դառնում։ Ազատանում ևս բազմաթիվ տնտեսություններում կարտոֆիլի պաշարները դեռ պահեստավորված են։

Գյուղացիները ամիսներ շարունակ մշակել են հողը, ծախսել սերմացուի, վառելիքի, պարարտանյութի և այլ անհրաժեշտ միջոցների համար, սակայն հիմա կանգնել են ամենակարևոր խնդրի՝ բերքն իրացնելու առաջ։ Գյուղացիների խոսքով՝ եթե շուկա չգտնվի, ամիսների աշխատանքն ու ծախսերը կարող են պարզապես զրոյանալ։

Արտադրանքը երկար ժամանակ պահեստավորելը ևս ծախսեր է առաջացնում, իսկ չիրացված կարտոֆիլը որոշ դեպքերում ստիպված են լինում օգտագործել որպես անասնակեր։ Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք․ գյուղացիներից շատերը խուսափում են տեսախցիկի առաջ խոսելուց։

Նրանցից ոմանք ասում են, որ նախկինում բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին, սակայն էական փոփոխություն չեն տեսել և կարծում են, որ հերթական անգամ խոսելը պարզապես անօգուտ է։

Այս իրավիճակում գյուղացին կանգնած է երկընտրանքի առաջ՝ կա՛մ երկար ժամանակ պահեստավորել բերքը՝ չիմանալով՝ երբ և ինչ գնով այն կկարողանա վաճառել, կա՛մ կարտոֆիլը, որի համար ամիսներ շարունակ աշխատել է, վերածել անասնակերի։

Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար խնդիրը միայն մեկ տարվա բերքի իրացումը չէ։ Եթե գյուղացին չի կարողանում իր արտադրանքի դիմաց ստանալ իր ծախսերին ու աշխատանքին համարժեք եկամուտ, հաջորդ տարի հող մշակելու ցանկությունն ու հնարավորությունը ևս հարցականի տակ են հայտնվում։

Շիրակի գյուղերում, որտեղ գյուղատնտեսությունը շատ ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրներից է, չիրացված բերքը պարզապես գյուղատնտեսական խնդիր չէ․ այն ուղղակիորեն վերածվում է սոցիալական խնդրի։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
21:32 «Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդուն
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․