Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի արած հայտարարության հետ, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի վերջին հայտարարությունը հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա բարեկամական, գործընկերային և բարիդրացիական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև անընդունելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելը։
«Ադրբեջանը միշտ հարգել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Միաժամանակ, վրացական կողմի փոխադարձ հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ կարևոր հիմք է հանդիսանում երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերության համար։
Հենց այս համատեքստում է անհասկանալի Վրաց պատրիարքարանի որդեգրած մոտեցումը, որը ենթադրում է տարածքային հավակնություններ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ։
Կարևոր է, որ կրոնական հաստատությունները զերծ մնան այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամության և բարիդրացիության պատմական կապերին։ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները կազմում են ադրբեջանական ժողովրդի և ադրբեջանական պետության ազգային ժառանգության անբաժանելի մասը»,- ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանից սպառնացել են նաև Վրաց եկեղեցուն և «խորհուրդ տվել» չկրկնել Հայ եկեղեցու «սխալները»։