Ներքին Խոսք Տեսանյութ 45 րոպե առաջ - 20:14 25-09-2026

Ռուսական գերիշխանության ավարտը. վառելիքի շուկա են մտնում նոր խաղացողներ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի վառելիքի շուկան հերթական գնային շոկն է ապրում. բենզինի և դիզվառելիքի գները երկրում հասել են պատմական ռեկորդային ցուցանիշների: Մեկ լիտր դիզվառելիքի գինն արդեն հատել է 680 դրամի, իսկ բենզինինը՝ 580 դրամի սահմանագիծը:

Թե ինչու է տնտեսությունը բախվել այս ճգնաժամին, ինչ կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունենում, և որքան կտևի թանկացումների այս ալիքը, Oragir.News-ը փորձել է պարզել փորձագետի հետ:

Տնտեսագետ, մաթեմատիկական մոդելավորող, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանն ընդգծում է, որ սպառողների մեծ մասի ուշադրության կենտրոնում սովորաբար բենզինն է, սակայն տնտեսության իրական «արկղը» դիզվառելիքն է, որի գնային տատանումներն ունենում են շղթայական էֆեկտ:

Նյութատեխնիկական և աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Հայաստան ներկրվող վառելիքի աշխարհագրությունը կտրուկ փոխվել է: Եթե նախկինում շուկան գրեթե ամբողջությամբ կախված էր մեկ աղբյուրից, ապա այսօր պատկերն այլ է:

«Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել բենզինի շուկայում. եթե 2023 թ․-ին 90 %-ը ապահովում էր Ռուսաստանը, այս պահին այդ ցուցանիշը բավականին փոքրացել է, և ընդհանուր շուկայի ընդամենը 20 %-ն է ապահովում։ Այդ թիվը կամաց-կամաց կրճատվում է»,- փաստում է տնտեսագետը:

Անդրադառնալով Ռուսաստանից մատակարարումների կրճատման պատճառներին՝ Աղասի Թավադյանը հիշեցնում է, որ ներքին շուկան պաշտպանելու համար Ռուսաստանը աշնան ամիսներին միշտ էլ սահմանափակումներ է կիրառել, որպեսզի հացահատիկի բերքահավաքի շրջանում ներքին գները չթանկանան: Սակայն այսօր իրավիճակը դուրս է եկել սովորական հունից:

Տնտեսագետը հերքում է հանրության մեջ տարածված այն թեզը, թե ներքին շուկայում գները բարձրանում են խոշոր ներկրողների ստվերային պայմանավորվածությունների (օլիգոպոլիայի) հետևանքով:

Ըստ նրա՝ շուկայում մրցակցությունն իրականում աճել է. եթե 2018-ին կար 4-5 խաղացող, ապա այսօր դրանց թիվն անցնում է 8-ից: Գինը ձևավորվում է բացառապես սահմանին և ուղիղ կապ ունի համաշխարհային միտումների հետ, պարզապես տեղային շուկան արձագանքում է ուշացումով:

Փորձագետի հաշվարկներով՝ այսօր մենք սպառում ենք ամիսներ առաջ բարձր գնով կնքված պայմանագրերի արդյունքը, քանի որ նավթի ձեռքբերումից, վերամշակումից մինչև Հայաստան հասնելը ամիսներ են պահանջվում: Ուստի, արագ էժանացման սպասումները անիրատեսական են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան