Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:08 15-02-2022

Հայ արտադրողների մուտքը ռուսական շուկա հեշտացնելու համար Մոսկվայում կբացվի բազմապրոֆիլային առևտրի կենտրոն

Հայաստանից արտահանումը խթանելու և ձեռներեցներին աջակցելու նպատակով Հայ գործարարների ասոցիացիան ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Երևանում անցկացրեց «Բուխտա Յուգ» մանրածախ և մեծածախ բազմապրոֆիլային առևտրի կենտրոնի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հետաքրքրված գործարարներին ներկայացվեցին կենտրոնի աշխատանքին ներգրավվելու մանրամասներն ու պայմանները:

«Շատ կարևոր է զարգացնել հայկական ենթակառուցվածքները տարբեր երկրներում, քանի որ դրանց միջոցով հայկական ապրանքները շատ ավելի հեշտ են հասնում այդ երկրների սպառողներին: Ողջունում եմ «Բուխտա Յուգի» ստեղծումը, որտեղ հայկական ապրանքները կարող են առանց ռիսկերի վաճառվել ռուսական շուկայում: «Բուխտա Յուգը» հսկայական առևտրային տարածք է, որտեղ հայկական գյուղմթերքը՝ թե մեծածախ, թե մանրածախ, կարող է վաճառվել հարմար պայմաններով»,- իր խոսքում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է անել հնարավորը, որ նոր «Բուխտա Յուգը» լինի պահանջված և աշխատի արդյունավետ: Նա նաև կոչ արեց հայ արտահանողներին ու առևտրականներին աշխատանքի համար նախընտրել այն ենթակառուցվածքը, որն ավելի հարազատ է:

«Հայկական գյուղմթերք արտադրողներն ու արտահանողները մշտապես հանդիպում էին այդ խնդրին, և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը որոշում կայացրեց ու հանձնարարականներ տվեց՝ ստեղծել հայ արտադրողի համար բաց ու առաջնային իրավունքներով օժտված տնտեսական առևտրային գոտի: Արդեն այսօր գնվել է Մոսկվայի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկը, որի մասով հետաքրքիր առաջարկներ ենք պատրաստել հայ արտադրողների և արտահանողների համար»,- նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ կոչ անելով հայ արտահանողներին ակտիվություն ցուցաբերել՝ հետագայում վաճառակետերի բացակայությունից խուսափելու համար:

Միջոցառման ընթացքում «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնների գլխավոր տնօրեն Վիկտոր Գրիգորյանը ներկայացրեց կենտրոնի առավելությունները, արդեն իսկ գրանցած կոմերցիոն հաջողությունները և տարածքի վարձակալության պայմանները:
«Այսօր արդեն երկու «Բուխտա» կենտրոն է գործում Մոսկվայում: Նախագծի հիմնական կոնցեպտը պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ, ինչպես նաև շինարարական ապրանքների ու կահույքի վաճառքն է: Այս պահին յուրաքանչյուր կենտրոնում ներկայացված է ավելի քան 100,000 անուն ապրանքատեսակ»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ ռուսական շուկայում արդեն իսկ գոյություն ունեցող ընկերությունների համար «Բուխտա Յուգը» իրենց բիզնեսը զարգացնելու և ընդլայնելու լավ հնարավորություն է, իսկ նրանց համար, ովքեր նոր են պատրաստվում մուտք գործել այդ շուկա, այս նախագիծը բիզնեսի վարման բացառիկ պայմաններ ու հնարավորություններ է առաջարկում: Առևտրի կենտրոնի տարածքում մի մեծ հատված է առանձնացված, որտեղ մատակարարները հնարավորություն են ունենալու վաճառել իրենց ապրանքը հենց բեռնատարներից՝ միաժամանակ այդտեղ կարող է տեղակայվել ավելի քան 120 բեռնատար: Տարածքը նաև ապահովվելու է անվտանգության բարձրորակ համակարգերով:

Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն էլ տեղեկացրեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ արդեն իսկ հայտադիմումներ են ընդունում արտադրողներից, թե ինչ ձևաչափով և ինչ ոլորտներ են նրանք ներկայացնելու «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնում:

«Մեզ համար շատ կարևոր է, որ հայ արտադրողները հնարավորություն ունենան անխոչընդոտ դուրս գալու ռուսական շուկա: Դա Հայ գործարարների ասոցիացիայի գլխավոր նպատակներից է՝ ավելի կայուն կամուրջ ստեղծելու գործարարների միջև, որոնք ապրում են ոչ միայն ՀՀ-ում, այլև ՌԴ-ում: Եվ շատ ենք կարևորում նաև, որ ամենատարբեր ոլորտներից այս նախագծի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա»,- նշեց նա:

Նախագծի շնորհանդեսին մասնակցել են նաև այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք ներկայացված են կամ ցանկանում են ներկայանալ ռուսական շուկայում՝ հնարավորություն ունենալով տեղում տարածքի վարձակալման ամրագրումներ անելու և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

«Բուխտա Յուգ» մեծածախ և մանրածախ առևտրի կենտրոնը թվով երրորդ նմանատիպ կենտրոնն է Մոսկվայում։ Ավելի քան 270,000 քմ զբաղեցնող կենտրոնի տարածքում, որը սպառողների համար իր դռները նախատեսում է բացել 2022-ի սեպտեմբերին, կտեղակայվի ավելի քան 2000 խանութ ու տաղավար։ Անմիջապես մատակարարներից ներկայացվելու են ամենատարբեր ապրանքները՝ գործվածքներ, հագուստ, շինանյութ ու սննդամթերք:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ