Ներքին 3 տարի առաջ - 11:55 24-08-2023

Կառավարությունը լրացուցիչ արտոնություններ կտա ՌԴ արտահանվող կաթնամթերքն արտադրողների համար

Գյուղատնտեսական հումքի մթերումների համար արտարժույթով կնքված վարկային պայմանագրերի բեռը մեղմելու համար ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները դրամով փոխանակելու դեպքում տնտեսվարողները կրում են զգալի վնասներ և դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։
«Վարկերի սպասարկման ուղղությամբ դժվարություն են առաջանում նաև եղանակային կամ այլ պատճառներով պայմանավորված` Վերին Լարսի սահմանային ացակետի փակ լինելու պատճառով»,- մասնավորապես նշված է որոշման մեջ։

2022 թ. խաղողից բացի այլ ուղղությունների համար վարկերը տրամադրվել են 1,5 տարի մարման և 6 ամիս արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով։

Խաղողի մթերման նպատակով մինչև սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 30-ը՝ մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։

Լուրջ դժվարություններ է առաջացրել ՀՀ-ից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքի մասին ՌԴ-ի կայացրած որոշումը։

Չի բացառվում, որ հետագայում ՌԴ-ի կողմից արգելքներ կիրառվեն նաև հայկական ծագման այլ ապրանքների համար, և խնդրի առաջ կանգնեն արտադրանքի գերակշիռ մասը ՌԴ արտահանող այլ կազմակերպություններ ևս։
Որոշմամբ առաջարկվում է 2022 թ. տրամադրված վարկերի (բացառությամբ խաղողի, սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի և պտուղբանջարեղենի ու սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումների ուղղությունների) համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ տրամադրել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ (մինչև 6 ամսով) լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները։

«2023 թ. հունվարի 1-ից հետո տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ և վարկերի մարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ու շահառուների փոխադարձ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությամբ, եթե դիմումի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսներին տվյալ շահառուի ընդհանուր հասույթների ավելի քան 70 տոկոսն ապահովվել է արտահանումների հաշվին և շահառուի տնտեսական գործունեությունով չպայմանավորված օբյեկտիվ պատճառներով արտահանումը դարձել է անհնարին»,- նշված է որոշման մեջ։

Որոշումը շահառուներին հնարավորություն կտա ներգրավելու լրացուցիչ վարկեր, փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու կաթի և պտուղբանջարեղենի գնումների ուղղությունների համար 2022 թ. ներգրավված վարկերը, ինչպես նաև ՌԴ կաթնամթերքի արգելքով պայմանավորված առանձին շահառուների հնարավորություն կտրվի երկարաձգելու արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամսով։

Կաթի և պտուղ-բաջարեղենի ուղղությունների մասով, ըստ հաշվարկների, կարող է առաջանալ շուրջ 270.0 մլն դրամի լրացուցիչ սուբսիդավորման գումար այն դեպքում, եթե բոլոր շահառուներն օգտվեն վարկերի արտոնյալ և մարման ժամկետների երկարաձգման հնարավորությունից։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»