Գյումրիի Վարդբաղ 1-ի միկրոշրջանի 6-րդ շենքի բնակիչները
Oragir.News-ին ահազանգել են, որ իրենց շենքի նկուղները տևական ժամանակ է՝ ողողված են կոյուղաջրերով։
Բնակիչների խոսքով՝ գարշահոտությունն այնքան անտանելի է, որ հատկապես ամառվա շոգ օրերին անգամ չեն կարողանում պատուհանները բացել։
Խնդիրը, բնակիչների պնդմամբ, նոր չէ։ Նրանք պարբերաբար դիմում են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, սակայն հարցը վերջնական լուծում չի ստանում։ Ասում են՝ մասնագետները գալիս, մաքրում են կոյուղատար համակարգը, սակայն մի քանի օր անց նույն իրավիճակը կրկնվում է։
Բնակիչների խոսքով՝ խնդիրը կոյուղատար համակարգի մեջ է, սակայն իրենք սեփական ուժերով այն լուծելու հնարավորություն չունեն։ Մինչդեռ կոյուղաջրերով լցված նկուղներն ու տարածվող գարշահոտությունը շարունակում են լրջորեն անհարմարություն պատճառել շենքի բնակիչներին՝ ստեղծելով նաև հակասանիտարական իրավիճակ։
«Էս շենքում էլ մարդ կապրի, երեխաներ կմեծանան։ Էս շոգին լուսամուտ չենք կարող բացել, կողքներս խոլերա է»,- ասում են բնակիչները՝ պահանջելով, որ պատասխանատու կառույցները վերջնական լուծում տան տարիներով ձգվող խնդրին։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան