Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:00 12-06-2025

Ինչո՞ւ կաթողիկոսի դեմ արշավը իշխանության չարաշահում չի որակվում

Սահմանադրության 152, 153, 155 հոդվածներով սահմանված են ՀՀ վարչապետի իրավասությունները։ Այս շարքում կաթողիկոսին գահընկեց անելու մասին ոչինչ չկա։ Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված իրավասություններից դուրս այլ բաներ անելը կարող է որակվել իշխանության չարաշահում։ Այսինքն՝ երբ իշխանություն ունեցողն անում է բաներ, որոնք սահմանված չեն օրենքներով ու սահմանադրությամբ, ապա իրավապահները կարող են արձանագրել իշխանության չարաշահում։

Ինչո՞ւ վարչապետի կողմից կաթողիկոսին գահընկեց անելու արշավը չի որակվում որպես իշխանության չարաշահում։ Ինչո՞ւ են իրավապահներն անտարբեր այս ամենին։

ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Պարզ նշված է. «Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին…»

Իրավապահները չեն տեսնում, որ վարչապետի նախաձեռնված կաթողիկոսափոխության արշավը դուրս է վարչապետի՝ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակից, էական վնաս է պատճառելու անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին։

Քանի որ իշխանության չարաշահումը քրեորեն հետապնդելի արարք է, ապա ենթադրելի է, որ նման գործողությունները գաղտնի են արվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բաց, հրապարակավ բարձրացնում է վեհարանն ազատելու, նոր կաթողիկոսի ընտրություն կազմակերպելու, այդ ընտրությանը կառավարության մասնակցության հարցերը։ Ավելին, նա համակարգող խմբեր է ձևավորում, որոնք գործուն քայլեր են անելու այս խնդիրների ուղղությամբ։

Այսպիսով՝ եթե նա կարող է հրապարակավ անել բաներ, որոնք օրենքով սահմանված իրավասությունների շրջանակում չեն, ապա ի՞նչ կարող է անել գաղտնի գործընթացներում, միջազգային հարաբերություններում, բանակցություններում։ Օրինակ՝ 2020-ի նոյեմբերի 9-ին նա չբարեկամների հետ միասին ստորագրել է եռակողմ հայատարություն Արցախի վերաբերյալ, ինչի իրավասությունը, բազմաթիվ քննադատների կարծիքով՝ չուներ։ Հետևաբար՝ մտավախություն կա, որ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ ընթացիկ բանակցություններում նա կարող է անել բաներ, որոնք իր իրավասությունների շրջանակում չեն։ Իսկ հաշվի առնելով, որ ազգային շահերի մասին նրա ընկալումը ժողովրդի մի մասի ընկալումների հետ չի համընկնում, ապա հանրային մտավախություն կա, որ նա ժողովրդի թիկունքում կարող է այնպիսի բաներ ստորագրել, այնպիսի բաներ պայմանավորվել ու խոստանալ, որոնք ազգային շահերին չեն համընկնում, էական վնաս կարող են պատճառել պետության օրինական շահերին։

Կարճ ասած՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար իշխանությունները, կարող են պատասխանել հետևյալ հարցին՝ վարչապետի կողմից նախաձեռնված՝ վեհարանն ազատելու, կաթողիկոսին գահընկեց անելու արշավը, կուսակրոնության ուխտի խախտումը քննելը նրա իրավասությունների, լիազորությունների շրջանակո՞ւմ է։ Եթե պատգամավորները ևս Սահմանադրության մեջ և օրենքներում չգտնեն այդ մասին տող ու հանգեն եզրակացության, որ դրանք վարչապետի իրավասությունների շրջանակում չեն, ապա կարող են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, առաջարկելով վարչապետի լիազորություններն ընդլայնել։ Այս դեպքում իրավապահներն էլ կազատվեն հարցից, թե ինչո՞ւ են աչք փակում, երբ վարչապետն այսպիսի բաներ է նախաձեռնում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին