Երեկ գիշերվանից Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կուրիս գյուղի տարածքում իրավապահ մարմինները, ԱԹՍ-ի կիրառմամբ, երեք ենթադրյալ ադրբեջանցիների են փնտրում։
Oragir.News-ին ահազանգած քաղաքացու փոխանցմամբ՝ գյուղում նկատվել են քաղաքացիական հագուստով երեք կասկածելի անձինք։ Բնակիչների հետ զրույցից հետո կասկածներ են առաջացել, որ նրանք ադրբեջանցիներ են, որից հետո այդ անձինք հեռացել են դեպի մոտակա ձորերը։ Լուրի տարածումից անմիջապես հետո տարածքում մեկնարկել են լայնածավալ որոնողական աշխատանքներ։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Կուրիսի վարչական ղեկավար Դավիթ Օհանջանյանի հետ, սակայն՝ ապարդյուն։ Ինչպես նախորդ արտակարգ պատահարի ժամանակ (երբ Ծավ գյուղի խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել-խմբ․), այնպես էլ այս դեպքում թե՛ համայնքապետարանի թեժ գիծը, թե՛ գյուղի ղեկավարի աշխատասենյակի և թե՛ Սյունիքի մարզպետարանի հեռախոսահամարները քար լռություն են պահպանում։ Դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով չհաջողվեց կապ հաստատել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության հետ։