Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտ-ուսանողների լուսանկարները։
«Այս դատարկ պատը Կոնսերվատորիայում է, այստեղ եղել են պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են»,– հոկտեմբերի 7-ին ահազանգել էր քաղաքացիներից մեկը՝ հրապարակելով դատարկ պատի լուսանկարը։
Եթե սա պարզապես տեխնիկական կամ վերանորոգման հետ կապված հարց է, ապա Կոնսերվատորիան կարող էր շատ պարզ ներկայացնել պատճառը։ Բայց երբ նման քայլը տեղի է ունենում այն պայմաններում, երբ իշխանությունը հետևողականորեն փորձում է խուսափել Արցախի, պատերազմի, պարտության և զոհերի մասին խոսելուց, բնական հարց է առաջանում՝ իսկապես պատահականությո՞ւն է սա։
Ի՞նչն է իշխանությանը խանգարում, որ կրթական հաստատության պատին պահպանվեն իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհաբերած ուսանողների լուսանկարները։ Ինչո՞ւ պետք է նրանց դեմքերը հեռացվեն տեսանելի վայրից։ Եթե մարդը զոհվել է, նրա հիշատակը չի կարող քաղաքական իշխանության համար անհարմար թեմա դառնալ։
Սա միայն մի քանի լուսանկարի հարց չէ։ Սա հիշողության հարց է։
Վերջին տարիներին իշխանության վարքագծում ավելի ու ավելի հաճախ է նկատվում անցյալի որոշ էջերը վերաշարադրելու, իրականությունը ժխտելու ցանկությունը, հատկապես այն ամենից, ինչը կապված է Արցախի, պատերազմի, զոհերի և ազգային ինքնության հետ։ Այն, ինչ տարիներ շարունակ հասարակության համար եղել է հիշողության ու ինքնության կարևոր մաս, այսօր կարծես աստիճանաբար վերածվում է իշխանության համար անցանկալի թեմայի։
Նույն տրամաբանության մեջ կարելի է դիտարկել նաև Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի գրաֆիտիի ջնջումը «Հաղթանակ» զբոսայգու պատից։ Երիտասարդ զինծառայողի լուսանկարը պատերազմի ամենաճանաչված խորհրդանիշներից մեկն էր։ Այն դարձել էր մի ամբողջ սերնդի պատերազմի, հերոսության ու կորստի խորհրդանիշ։ Եվ երբ այդ պատկերը վերացվում է, հասարակության մոտ կրկին նույն հարցն է առաջանում՝ ինչո՞ւ։
Իշխանությունը կարող է փորձել ասել, որ այս կամ այն դեպքը կապ չունի Արցախի կամ պատերազմի հիշողության հետ։ Բայց հասարակությունը տեսնում է ոչ միայն առանձին գործողությունները, այլ դրանց ընդհանուր ուղղությունը։
Եթե պատերազմում զոհված երաժիշտների նկարները հանվում են Կոնսերվատորիայից, եթե պատերազմի խորհրդանիշ դարձած պատկերը վերացվում է, եթե Արցախի մասին խոսելն իշխանության համար ավելի ու ավելի անհարմար է դառնում, ապա հասարակությունը իրավունք ունի մտածելու, որ գործ ունենք ոչ թե պատահականությունների, այլ հիշողության վերաձևավորման քաղաքականության հետ։
Այս ամենը հատկապես վտանգավոր է կրթական և մշակութային հաստատությունների դեպքում։ Դրանք այն վայրերն են, որտեղ երիտասարդ սերունդը պետք է ոչ միայն մասնագիտություն ստանա, այլև ճանաչի իր երկրի պատմությունը, իմանա, թե ովքեր են զոհվել, ինչի համար են զոհվել և ինչ ճանապարհ է անցել Հայաստանը։
Պատմությունը չի կարող խմբագրվել այնպես, ինչպես հարմար է տվյալ իշխանությանը։ Չի կարելի մի քանի տարի անց որոշել, որ պատերազմը, զոհերը կամ Արցախը այլևս պետք չեն հանրային հիշողությանը։ Չի կարելի մտածել, որ եթե լուսանկարը պատից հանվեց, ապա այդ մարդու հիշատակը նույնպես կվերանա։
Հակառակը՝ նման քայլերը ավելի են ամրապնդում այն կասկածը, որ իշխանությունը փորձում է հասարակությանը սովորեցնել ապրել առանց Արցախի, առանց պատերազմի հիշողության և առանց այն մարդկանց հիշատակի, որոնք այդ պատերազմի զոհն են դարձել։ Սակայն ինքնությունից փախչել հնարավոր չէ։ Հնարավոր է հանել լուսանկարը պատից, ջնջել գրությունը, չխոսել Արցախի մասին, չհիշատակել զոհերին պաշտոնական ելույթներում, բայց դրանով պատմությունը չի փոխվում։
Կարճ ասած՝ եթե իշխանությունը կարծում է, որ Հայաստանի ապագան հնարավոր է կառուցել սեփական անցյալից հրաժարվելով, ապա դա ոչ թե խաղաղության, այլ ինքնությունից հեռանալու ճանապարհ է։ Իսկ ինքնությունից փախուստը երբեք չի կարող երկար տևել։
Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ
Oragir. News-ը պարզեց, որ Կոնսերվատորիայում զոհվածների նկարները ոչ թե վերացվել են, այլ տեղափոխվելու են և տեղադրվելու են զոհերին նվիրված ծառուղում։ Այդ մասին
Oragir News-ի հետ զրույցում
ասել էր Կոնսերվատորիայի գիտական քարտուղար, հանրային կապերի ժամանակավոր պաշտոնակատար Օլյա Նուրիջանյանը։
Թաթուլ Մկրտչյան