Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:59 29-06-2022

ԲԴԽ ապագա նախագահի «անլեգալ» բեմելը եւ սպասվող անկանխատեսելի ընտրությունը

Բարձրագույն դատական խորհրդում առաջիկայում սպասվում է նախագահի նոր ընտրություն, որը կարող է բավականին ինտրիգային եւ անկանխատեսելի ընթացք ունենալ։

Ինչպես հայտնի է, ԲԴԽ նախագահի ընտրությունը կատարվում է ԲԴԽ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո 10 օրվա ընթացքում, նախագահի ընտրությունը հաջորդաբար է տեղի ունենում՝ գիտնական անդամների և դատավորների միջև։ Քանի որ նախորդ նախագահը եղել է դատավոր, ուստի այս անգամ այդ պաշտոնը բաժին պետք է հասնի գիտնական-անդամներից մեկին։

Ռուբեն Վարդազարյանի՝ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունները դադարեցնելուց հետո նախագահի պաշտոնը թափուր է մնացել։ Բայց առաջիկայում հնարավոր է թափուր մնա նաեւ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնը, վերջինս սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո, ինչպես հայտնել էինք, հիվանդանոցում է, որտեղից հնարավոր է մեկնի արտերկիր եւ հրաժարական ներկայացնի։ Այսօր ԲԴԽ-ն զրկվեց եւս մեկ անդամից․ գիտնական անդամ Լիպարիտ Մելիքջանյանը ԱԺ-ի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավոր։

Դեպքերի նման զարգացման դեպքում խորհրդարանը պետք է նոր իրավաբան-գիտնական անդամ ընտրի, այն էլ ոչ թե մեկը, այլ երկուսը։ Դատավորներն էլ պետք է Վարդազարյանի փոխարեն նոր անդամ գործուղեն, բայց այս երկու գործընթացները ժամանակատար են, մի դեպքում իշխանությունը պետք է թեկնածուներ գտնի, ԱԺ նիստ հրավիրի, ընտրի, մյուս դեպքում այս արձակուրդային սեզոնին դատավորները պետք է արտահերթ ժողով հրավիրեն եւ թեկնածու ընտրեն մեկ ամսվա ընթացքում։

Բայց սա էլ հեշտ չէ, որովհետեւՎարդազարյանը մտադիր է բողոքարկել ԲԴԽ որոշումը հնարավոր բոլոր ատյաններում, որպես աշխատակարգային որոշում՝ ԲԴԽ-ի շրջանակներում, հետո Սահմանադրական դատարան․․․։ Իսկ բողոքարկման դեպքում դատավորները հնարավորություն չեն ունենա նոր անդամ ընտրելու։

Այսինքն՝ եթե առաջիկա 10 օրվա ընթացքում ԲԴԽ նախագահ ընտրվի, դրան կմասնակցեն 7 հոգով՝ 3/4՝ գիտնական-դատավոր համամասնությամբ։ Ընտրությունը կատարվում է փակ, գաղտնի քվեարկությամբ, բոլոր գիտնական անդամները թեկնածուներ են համարվում, եթե ինքնաբացարկ չեն հայտնել, եթե 2 հոգի հավաքում են հավասար ձայներ, ապա տեղի է ունենում կրկնակի քվեարկություն․ եթե 2 անգամ ևս ձայները հավասար են լինում, ապա ընտրված է համարվում ավելի երկար աշխատանքային փորձ ունեցող թեկնածուն։

Մեր տեղեկություններով՝ իշխանությունը ԲԴԽ նախագահի պաշտոնում դիտարկում է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը՝ անտեսելով, որ այդ ընտրությամբ շահերի լուրջ բախում կարող է առաջանալ, վերջին հաշվով՝ մի ընտանիքից երկու բարձրաստիճան պաշտոնյա ունենալը տպավորություն է, թե «ուրիշ հերոսի անուն չգիտեն»։

Իհարկե, էթիկական, բարոյական բոլոր հարցերի վրա իշխանությունը թքած ունի, բայց Դավիթ Խաչատուրյանին ԲԴԽ նախագահ տեսնելու հարցում կարող են «երազախաբ» լինել։

Բանն այն է, որ նրա ընտրության համար պետք է 6 ձայն, 3 գիտնականները, անշուշտ, նրան կընտրեն, իսկ դատավորները հայտարարել են, թե «ձեռքներս էլ կտրեք, մենք Դավիթին ձայն չենք տա»։

Դավիթ Խաչատուրյանից ԲԴԽ նախագահի թեկնածու կերտելու գործընթացը սկսվել է ԱԺ երեկվա նիստից, որին հենց Խաչատուրյանն էր ներկայացնում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, եւ ամեն ինչ շատ խաղաղ, սահուն անցավ, դատաիրավական բարեփոխումների համար «շապիկ պատռող» ՔՊ-ականները այնքան բարի էին, չէ՞ որ ամբիոնի մոտ նրանց հոգու երկվորյակն էր հայտնել։ Ահա այսպիսի «անկախ» դատական համակարգ են կերտում իշխանությունները եւ կորչի այն անկախությունը, որի երաշխավորը Դավիթ Խաչատուրյանը պետք է լինի, որովհետեւ Խաչատուրյանն ինքը լեգիտիմության եւ լեգալության խնդիր ունի։

Խնդիրն այն է, որ ԲԴԽ ժամանակավոր պաշտոնակատարին պետք է փոխարիներ ԲԴԽ տարիքով ավագ անդամը՝ Ստեփան Միքայելյանը, ինչպես, օրինակ, Վարդազարյանին էր ժամանակին փոխարինել խորհրդարանում։ Բայց ԱԺ գործուղելով Դավիթ Խաչատուրյանին՝ իշխանությունները Վճռաբեկի դատավորների ընտրության օրինականությունը կասկածի տակ դրեցին, էլ չասած, որ ապագա ԲԴԽ նախագահի կենսագրության մեջ սա մեծ բիծ է, ստացվում է, որ նա արել է մի գործողություն, ինչը նախատեսված չէ օրենքով, հետեւաբար՝ այդ հանգամանքով պայմանավորված ընտրված թեկնածուներն էլ կարող են համարվել ոչ լեգալ։ Մյուս կողմից էլ՝ եթե կենսաթոշակային տարիքը հատած Ջհանգիրյանին ԲԴԽ գործուղելը մարսեցին, սկանդալային ձայնագրությունը մարսեցին, սա ի՞նչ է, որ չմարսեն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի