Միտք Ներքին 4 տարի առաջ - 20:46 07-05-2022

Շարժումն ամեն ինչ է. ո՛չ անարխիստ, ո՛չ դավաճան

«Սա պայքար է հանուն հայրենիքի, սա պայքար չի հանուն իշխանության»։ Ցուցարարի այս խոսքն առաջին հայացքից ապաքաղաքական քարոզչության արտահայտություն է, որի արմատը ձգվում է խորհրդային բռնազավթման տարիներից և ծիլեր տալիս կեղծավորության միջավայրում։ Ներկայիս ցույցերում հնչող այս խոսքը կե՞ղծ է, թե՞՝ ոչ։

Քաղաքական պայքարը քաղաքականություն որոշելու համար է, որը հնարավոր է պատգամավոր, նախարար, վարչապետ լինելու պարագայում։ Օրինակ՝ ներկայում քաղաքական պայքարի մասնակիցը պահանջում է վարչապետի հրաժարականը։ Եթե այդ պահանջը բավարարվի, ապա տեղի կունենա իշխանափոխություն և կձևավորվի նոր իշխանություն։ Նրա մաս կարող են կազմել պայքարն առաջնորդող գործիչները, որոնք, ենթադրաբար, նոր քաղաքականություն կորոշեն։ Սակայն երբ ցուցարարն ընդգծում է, որ պայքարն իշխանության համար չէ, ապա հանրությունը սխալ ուղերձ է ստանում և պատկերացնում, թե իր պայքարն առաջնորդող քաղաքական գործիչը հաջողության դեպքում քաղաքական-պետական պաշտոն-դիրք չի զբաղեցնելու։ Եթե նա չի լինելու բարձր պաշտոնյա, ապա ո՞վ է լինելու։ Թե՞ իշխանություն չի լինելու։

Հասարակության մեծ մասը քաղաքական համակարգը պատկերացնում է քաղաքական մեծամասնության և ընդդիմադիր փոքրամասնության պարզ դիմակայության տեսքով։ Այսինքն՝ եթե այսօր ընդդիմադրի պայքարի արդյունքում քաղաքականություն որոշող վարչապետն ու իր թիմը հեռանան, ապա վաղն ընդդիմադիրը կվաստակի ընտրողի քվեն ու կդառնա քաղաքականություն որոշող։ Իսկ եթե վարչապետի և իր թիմի հրաժարականից հետո ընդդիմադիր գործիչները չզբաղեցնեն ազատված աթոռները, ապա կլինի անարխիա, պետությունը կմեռնի, և ժողովրդի ազատության սահմանը կգծեն օտար գործիչներն օտար մայրաքաղաքում։ Պարզ ասած՝ եթե վարչապետի հրաժարականը պահանջող, բայց իշխանությունից հրաժարվող ցուցարարն անարխիստ է, ապա լավագույն դեպքում կձևավորի Հուլյայպոլեի Անարխիստական հանրապետություն։ Իսկ եթե դավաճան է, ապա կհրաժարվի նաև ինքնիշխանությունից և երկիրը «շուն ու գելի փայ» կդարձնի։

Կա նաև 3-րդ՝ բերնշտայնական ուղի, որտեղ շարժումն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ։ Այս դեպքում իշխանության չձգտող քաղաքական գործիչը ո՛չ անարխիստ է, ո՛չ դավաճան։ Նրա համար շարժումն ամեն ինչ է։ Օրերս հայտնի դարձավ, որ մեր ցույցերի շուտ ավարտով շահագրգռված է ՌԴ-ն, որպեսզի իրագործի ՀՀ ազգային շահերին հակասող եռակողմ համաձայնությունները։ Սա հաշվի առնելով՝ իշխանության չձգտողը կշարունակի ցույցերը հնարավորինս երկար, մինչև ՌԴ-ն կպարտվի Արևմուտքին, ՀՀ-ն կազատվի ռուս-թուրք-ադրբեջանական եռակողմ շանտաժից, և անխոչընդոտ կիրականացվեն հայ ժողովրդի բաղձալի երազանքները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը