Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ մերժել է ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը։
Այս մասին
Oragir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Սարգսյանը։ Վերջինիս խոսքով՝ դատավորը որպես բողոքի մերժման հիմք է ներկայացրել այն, որ Փիլոյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Պաշտպանական կողմը Վերաքննիչի որոշումը Վճռաբեկ դատարան չի բողոքարկելու․ «Մեր իրականության մեջ կա՞ կարիք բողոքարկելու։ Չէ՛, չեմ բողոքարկելու, այլ քայլեր կան»։
Նա նաև նշեց, որ կարող են դատարան դիմել Փիլոյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու միջնորդությամբ, սակայն Վերաքննիչի մերժման որոշումը ստանալուց հետո։ Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են՝ կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների վերաբերյալ: Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Պարզվել է, որ ԱԻ նախարար Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։