Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 12:23 21-03-2022

Ուկրաինական պատերազմն ավելի է մերձեցնելու Ռուսաստանին ու Թուրքիային

Ինչպես Եվրոպայում, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքում, դերակատարներ կան, որոնք իրենց պրոակտիվ քաղաքականությամբ փորձում են հնարավորինս օգուտներ քաղել ուկրաինական ճգնաժամից։ Հարավային Կովկասում այդ ակտիվությունը նկատվում է Ադրբեջանի մոտ, որն ամեն կերպ լարում է իրավիճակը՝ սանդրանքների դիմելով ինչպես արցախա-ադրբեջանական, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին։ Մերձավոր Արևելքում, սակայն, ակտիվության գլխավոր օջախը Թուրքիան է, որն իր կշռադատված ու խելամիտ քաղաքականության միջոցով ակնկալում է լուծել առաջադրված գլխավոր խնդիրները, այն է՝ դիրքավորվել որպես միջնորդ և միջազգային հարաբերություններում բարձրացնել իր հեղինակությունը, խուսափել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների փաթեթին միանալուց, ինչպես նաև հասնել Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վերանայման ու Թուրքիայի տարածաշրջանային դերի մեծացման։ Ըստ էության, Անկարային հաջողվում է մեծամասամբ կատարել օրակարգային խնդիրները, քանի որ Ռուսաստանի իշխանություններն արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրթերով իրենց երախտագիտությունն են հայտնում Թուրքիային ողջամիտ և հավասարակշռված դիրքորոշման համար՝ հիմք ընդունելով համեմատաբար չեզոք կեցվածքը։ Անշուշտ, ռուսական կողմը Թուրքիայի իշխանությունների գովերգման է դիմում ոչ թե օդային տարածքը չփակելու ու Զելենսկու հետ բանակցային սեղան ձևավորելու պատրաստակամության համար, այլ սոցիալ-տնտեսական այն ահռելի պատժամիջոցների պատճառով, որոնց արդյունքում տնտեսությունը փրկելու համար ստիպված է լինելու շրջվել Արևելք, իսկ կենտրոնասիական և անգամ չինական շուկան բավական չեն լինելու արագ վերականգնման տեսանկյունից և զգացվելու է մերձավորարևելյան առևտրային պատուհանի կարիք, որի բացը տարածաշրջանում լրացվելու է հենց Թուրքիայի միջոցով։ Ընդ որում, թեպետ առաջին հայացքից կարող է թվալ, թե մեծանալու է ՌԴ առևտրատնտեսական կախվածությունը Թուրքիայից, սակայն այդ գործընթացն ունենալու է նաև հակառակ ազդեցություն, քանի որ տնտեսական ճգնաժամի, լիրայի արժեզրկման ու գործազրկության աճի, ինչպես նաև տարիներ շարունակ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջանային ոլորտին հասցված էական վնասի պատճառով Թուրքիան մեծապես շահագրգռված է թուրք-ռուսական առևտրատնտեսական կապերի պահպանմամբ ու խորացմամբ։ Բացի այդ, Թուրքիայում հրաշալի են գիտակցում, որ երկրի ներսում սոցիալ-տնտեսական խնդիրներն ունեն նաև արտաքին պատճառներ, իսկ Արևմուտքը՝ ի դեմս Միացյալ Նահանգների, օգտվում է Թուրքիայի ներհասարակական կյանքում ահագնացող սոցիալական դժգոհություններից՝ ժողովրդավարացման անհրաժեշտության անվան տակ ճնշում գործադրելով իշխանությունների վրա։ Նման լծակի պարբերական կիրառումը Թուրքիային ոչ միայն ստիպում է ինքնուրույն խաղի կանոնների մշակել, այլև գործընկերներ փնտրել քաղաքական համակարգի տեսանկյունից առավել մոտ պետությունների շրջանում։

Թուրքիան հրաշալի է գիտակցում, որ ռազմական հատուկ գործողությունից թեպետ Ռուսաստանը թուլացած է դուրս գալու, իսկ Կրեմլի իշխանության դիրքերը խարխլվելու են, բայցևայնպես, դա որևէ կերպ չի նշանակելու Ուկրաինայում Թուրքիայի դերի ուժեղացում, քանի որ Անկարային ու Կիևին գլխավորապես կապել է ռազմական համագործակցությունը, մինչդեռ Ուկրաինայի կողմից խաղաղության պայմանագրի կնքման և շվեդական կամ ավստրիական օրինակով չեզոքության հռչակումից հետո անհնար է դառնալու Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարումը, առաջին հերթին՝ հարվածային անօդաչու թռչող սարքերի։ Ավելին, հարցականի տակ է դրվելու նաև Ուկրաինայի կողմից Թուրքիային նավերի, ինքնաթիռների և անօդաչուների գազատուրբինային շարժիչներ մատակարարելու հարցը։ Այդ է պատճառը, որ պաշտոնական Անկարան հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկելու է՝ հայտնվելու Ուկրաինայի անվտանգության երաշխավորողների ցանկում։ Ուստի, Կիևի և Մոսկվայի հետ հարաբերությունների բալանսավորման դիմաց երաշխավոր պետության կարգավիճակ ստանալու և ուկրաինական օրակարգում երկարաժամկետ դերակատար դառնալու նպատակ է հետապնդում Անկարայի քաղաքականությունը։ Այս առումով, ըստ էության, Թուրքիան որևէ խոչընդոտի չի հանդիպելու, քանի որ, ինչպես հայտնում է Թուրքիայի արտգործնախարար Մ․ Չավուշօղլուն, Ուկրաինան կողմ է Թուրքիային անվտանգության հնարավոր համաձայնագրի երաշխավորների ցանկում ներառելուն, իսկ Մոսկվան դրա դեմ չի առարկում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ