Միտք 4 տարի առաջ - 22:02 25-01-2022

Շահի շահարկումը՝ որպես մանիպուլյացիա

Վերջին շրջանում Ն․ Փաշինյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, բերեց, իր պատկերացմամբ, մի հիմնավորում՝ այն է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումն առանց նախապայմանների բխում է Հայաստանի շահերից։ Սովորության համաձայն՝ նա չմանրամասնեց, թե մասնավորապես որ շահերի մասին է խոսքը՝ տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական, անվտանգային, թե այլ, և սահմանափակվեց ընդհանուր՝ «բխում է Հայաստանի շահերից» ձևակերպմամբ։

Մեկ այլ առիթով, խոսելով Covid-19-ի տարածամ կանխարգելման քաղաքականությունից, նա նշեց, որ սրճարաններ, ռեստորաններ, մշակութային օջախներ և այլ հաստատություններ մուտք գործելու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել պատվաստման կամ ՊՇՌ թեստի մասին փաստաթուղթ, և կրկին իբր հիմնավորեց այդ պահանջը նրանով, որ «դա ձեռնտու է տնտեսվարողներին»։ Թե ինչո՞ւ է սրճարանի կամ թատրոնի տնօրինությանը ձեռնտու ներս չթողնել մարդկանց, որոնք այս հաստատությունների եկամտի հիմնական աղբյուրն են, մնում է գուշակել։ Երևի Ն․ Փաշինյանի «տրամաբանությունը» հետևյալն է․ եթե չպատվաստման կամ ՊՇՌ թեստի հանձնման մասին վկայող փաստաթուղթ չունեցող մարդիկ ներս մտնեն, ապա վերահսկող մարմինը կգա և կտուգանի այդ տնտեսվարողին, իսկ դա նրան ձեռնտու չէ, հետևաբար, ձեռնտու է այդ մարդկանց ընդհանրապես ներս չթողնելը։ Տուգանվելն, իհարկե, իրոք ձեռնտու չէ, բայց գործողությունների այս շղթան, որին դրդում է իշխանությունը, կառուցված է ոչ այլ ինչի, եթե ոչ պետության մակարդակով շանտաժի վրա։

Գիտակցության ուղղորդման այս տեխնոլոգիան, որը կիրառում է Ն․ Փաշինյանն իր հանրային ելույթներում, նպատակ ունի մոլորեցնել հասարակությանը և ստեղծել պատկերացում, թե ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ Covid-19 վարակի դեմ պայքարի հարցում իշխանությունները վարում են համարժեք և արդյունավետ քաղաքականություն, որը բխում է պետության և հասարակության շահերից։ Մինչդեռ վրա հասնող իրականությունը բոլորովին այլ պատկեր ունի։

Ն․ Փաշինյանի այս մանիպուլյատիվ մարտավարությունը, որը հիմնված է շահի շահարկման վրա, վտանգավոր է այն առումով, որ երկակի բնույթ ունի։ Նա կարող է մեկնաբանել թուրք-ադրբեջանական չվերջացող ագրեսիան Հայաստանի և հայերի նկատմամբ՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելու հետևանք, իսկ վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող տուգանքները՝ որպես հիմնավորում իր այն մտքի, որ տնտեսվարողներին ձեռնտու է հետևել Covid-19 վարակի դեմ պայքարի՝ իշխանությունների նախաձեռնություններին։ Մյուս վտանգն այն է, որ Ն․ Փաշինյանը լեզվական խաղի միջոցով ստեղծում է իբրև թե անվտանգ և տնտեսական գործունեության համար բարենպաստ, բայց փաստացի գոյություն չունեցող իրականության պատկեր, որը հակասություն է մտցնում մարդկանց ամենօրյա կյանքի մեջ։ Թվում է, թե ձեռնարկվում են Covid-19 վարակի դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառումներ, բայց իրականում ոչ ոք ապահովագրված չէ վարակվելուց և վարակելուց (տրանսպորտում, կրթօջախներում և այլն), և թվում է, թե պատերազմն ավարտվել է, և բոլոր կողմերը փորձում են խաղաղ համակեցության ինչ-որ հիմքեր ստեղծել, բայց իրականում սահմանին շարունակում ենք զոհեր ունենալ, իսկ պետությունը շարունակում է դիվանագիտական պարտություններ կրել միջազգային հարաբերություններում։ Ի դեպ, եթե դիտարկենք Ն․ Փաշինյանի մանիպուլյացիաները ոչ միայն որպես «փաստի» արձանագրում, այլև պրոցեսի նկարագրություն, ապա կտեսնենք, որ նրա երևակայության մեջ Հայաստանը մի տեղ է գնում, իրականության մեջ՝ մեկ այլ տեղ։ Հետևաբար, իրականության այն պատկերը, որն արտահայտվում է Ն․ Փաշինյանի լեզվում, գոյություն էլ ունի միայն լեզվի մեջ (հորինվածքի տեսքով) և որևէ կապ չունի այն ֆիզիկական և սոցիալական իրականության հետ, որում ապրում է Հայաստանի հասարակությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը