Ուղիղ եթեր
Ներքին 12 րոպե առաջ - 14:53 23-11-2026

Տեսնենք՝ ոնց են գոյատևելու․ աշխատանքից հեռացված արցախցի ամուսինները թույլ չեն տվել մյուս երաժիշտներին մնալ «Արցախ» նվագախմբում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Արցախ» կամերային նվագախմբի շուրջ վերջին օրերին ծավալված աղմուկի և արցախցի երաժիշտների՝ կազմից դուրս գալու իրական պատճառը ներքին աշխատանքային և ֆինանսական կոնֆլիկտն է եղել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ժամանակին լարվածություն է առաջացել նվագախմբի արցախցի կոնցերտմայստերի, նրա կնոջ և նախկին գեղարվեստական ղեկավար Նարեկ Հախնազարյանի միջև։

Արցախցի երաժիշտներն անընդհատ շեշտել են, որ նվագախումբը ստեղծվել է իրենց շնորհիվ, իրենք ավելի շատ բան ունեն արած նվագախմբի համար, և դժգոհություն են հայտնել, թե ինչու է Նարեկ Հախնազարյանն իրենցից ավելի բարձր աշխատավարձ ստանում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կոնֆլիկտն այնքան է խորացել, որ Հախնազարյանն աշխատանքից ազատել է արցախցի ամուսիններին։

Դրանից հետո վերջիններս իրենց հետ տարել են նաև մնացած արցախցի երաժիշտներին՝ թույլ չտալով նրանց մնալ այդ նվագախմբում և հայտարարելով. «Մենք էստեղ անելիք չունեք, տեսնենք՝ ոնց են գոյատևելու»։

«Այդ է պատճառը, որ շատերն այսօր շահարկում են նվագախմբի «Արցախ» անունը՝ ասելով, թե այդ անվան տակ գումարներ են աշխատում։ Սակայն իրականում երաժիշտներին ոչ ոք դուրս չի հանել, աշխատանքից չի ազատել. ընդամենը երկու հոգու հետ է եղել կոնֆլիկտը, որից հետո նրանք չեն ցանկացել, որ մյուսներն էլ մնան։

Այսօր նվագախմբում մեկ արցախցի երաժիշտ կա և շատ սիրով ու հաճույքով աշխատում է բոլորի հետ»,- փոխանցեց մեր աղբյուրը։

Ուշագրավ է, որ Oragir.News-ի աղբյուրի փոխանցած տեղեկությունները փաստացի համընկնում են նոյեմբերի 22-ին «Արցախ» կամերային նվագախմբի տարածած պաշտոնական հայտարարության հետ՝ պարզապես բացելով դրա փակագծերը։ «Իսկ նվագախմբի ղեկավարությունը որոշում կայացրեց հեռացնել վերոնշյալ երկու երաժիշտներին կազմից։

Դրանից հետո, տրվելով հեռացած երկուսի շահարկումներին, ևս չորս արցախցի երաժիշտ ինքնակամ որոշեց լքել նվագախումբը, թեև ղեկավարությունը նրանց քանիցս հորդորել է մնալ և շարունակել աշխատել թիմում»,- ասված է նվագախմբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ թեմայի շուրջ աղմուկը բարձրացավ օրեր առաջ, երբ նվագախմբի նախկին երաժիշտները սոցիալական ցանցերում ահազանգեցին, որ 2023 թվականի տեղահանումից հետո ՀԲԸՄ աջակցությամբ և Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ Երևանում վերաբացված նվագախմբում այլևս չկան արցախցի երաժիշտներ։

Նրանք հարցականի տակ էին դրել «Արցախ» անվան տակ գործունեություն ծավալելու և ֆինանսավորում ստանալու նպատակահարմարությունը՝ պնդելով, որ նվագախումբը վերականգնվել էր արցախցի երաժիշտներին աջակցելու համար։ Ի պատասխան այս մեղադրանքների՝ նվագախմբի ղեկավարությունը պարզաբանել է, որ համույթը վերականգնվել է ոչ թե որպես սոցիալական ծրագիր, այլ որպես բարձր պրոֆեսիոնալ կոլեկտիվ՝ Արցախը միջազգային բեմերում արժանավայել ներկայացնելու նպատակով։

Նշվում է նաև, որ 2026 թվականի հունվարից սահմանափակ բյուջեի պատճառով նվագախումբն ամսական աշխատավարձից անցել է նախագծային վարձատրության՝ բոլորի համար հավասար պայմաններով, իսկ նվագախմբի դռները շարունակում են բաց մնալ արցախցի երաժիշտների առաջ։

Հասմիկ Մովսիսյան