Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ ջանքերով 2025 թվականին փրկված երկու արջերն անհրաժեշտ բուժում և վերականգնողական փուլ անցնելուց հետո վերադարձվել են իրենց բնական միջավայր։
Արջերը փրկվել էին Վայոց ձորի և Արարատի մարզերից։ Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոնում մասնագետների հետևողական խնամքի շնորհիվ պահպանվել են նրանց վայրի բնազդներն ու ինքնուրույն գոյատևելու հմտությունները։
Արջերի տեղաշարժը շուրջ մեկ տարի կհսկվի արբանյակային տեղորոշման հատուկ վզկապերի միջոցով։ Սա հնարավորություն կտա հետևելու կենդանիների վարքագծին, գնահատելու բնական միջավայրին նրանց հարմարվողականությունը և ապահովելու անհրաժեշտ մշտադիտարկում։
Արջերն ազատ են արձակվել Ծաղկունյաց լեռներում՝ Մեղրաձորի անտառպետության տարածքում։
Վայրի կենդանիների փրկությունը, վերականգնումն ու վերադարձը բնություն կենսաբազմազանության պահպանությանն ուղղված մեր աշխատանքի կարևոր բաղադրիչներից են։