Ուղիղ եթեր
Ներքին 16 րոպե առաջ - 14:49 23-11-2026

Նոր Սահմանադրության նախագծով՝ ՀՀ Զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելու է վարչապետը՝ անկախ նրանից՝ երկրում պատերազմական, թե խաղաղ իրավիճակ է

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է էական փոփոխություններ կատարել Զինված ուժերի կառավարման և կիրառման սահմանադրական կարգում։

Նախագծի 57-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելու է վարչապետը՝ անկախ նրանից՝ երկրում պատերազմական է, թե խաղաղ իրավիճակ։

Գործող Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատար է միայն պատերազմի ժամանակ։

Նոր նախագծով փոփոխվում է նաև բանակի անհետաձգելի կիրառման կարգը։ Եթե անհետաձգելի անհրաժեշտություն առաջանա, զինված ուժերի կիրառման մասին որոշումը կարող է ինքնուրույն կայացնել վարչապետը։ Գործող Սահմանադրության համեմատ՝ նոր նախագծում պաշտպանության նախարարի նախնական առաջարկության պարտադիր պահանջը բացակայում է։

Միաժամանակ վարչապետը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կառավարության անդամներին, իսկ Կառավարությունն իրավասու է վերացնել այդ որոշումը կամ չեղարկել դրա հիման վրա նախատեսված միջոցառումները։

Նախագծով պահպանվում է պաշտպանության նախարարի՝ զինված ուժերի ղեկավարումն իրականացնելու իրավասությունը։ Գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, իսկ զինված ուժերը գտնվում են Կառավարության ենթակայության ներքո՝ Ազգային ժողովի վերահսկողությամբ։

Փոփոխություն է նախատեսվում նաև Հայաստանի զինված ուժերը երկրի տարածքից դուրս ուղարկելու հարցում։ Նման որոշման համար, որպես կանոն, անհրաժեշտ կլինի Ազգային ժողովի համաձայնությունը։ Բացառություն են կազմում Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերը։

Նոր Սահմանադրության նախագծի 9-րդ հոդվածում բացակայում է գործող Սահմանադրության 14-րդ հոդվածի այն դրույթը, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։

Միևնույն ժամանակ, նախագծով պահպանվում է զինված ուժերի քաղաքական չեզոքության և քաղաքացիական վերահսկողության սկզբունքը։ Բանակի հիմնական առաքելության մեջ ուղղակիորեն ներառվել է նաև Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունը։