Ներքին 2 ժամ առաջ - 15:08 28-11-2026

Թունավոր ծուխ և անպատժելիություն. 265 այրման դեպքից տուգանվել է ընդամենը 49-ը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ բարձրաձայնելով քաղաքացիների ահազանգերը մարզերում, հատկապես գյուղական բնակավայրերում տերևների և խոտածածկույթի զանգվածային այրման, թունավոր ծխի և վերահսկողության բացակայության վերաբերյալ։ Հարցումը ՇՄՆ-ից վերահասցեագրվել էր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պատասխանից պարզ է դառնում, որ բնակիչների դիտարկումները՝ մասնավորապես Շիրակի մարզում պատժամիջոցների բացակայության վերաբերյալ, ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը. 2026 թվականի ընթացքում Շիրակի մարզում արձանագրված 6 դեպքից ոչ մեկով վարչական պատասխանատվություն չի կիրառվել (0 տուգանվող)։

Ըստ ԲԸՏՄ-ի տրամադրած տվյալների՝ 2026 թվականի հունվարից մինչև նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է տերևների և խոտածածկույթի այրման ընդհանուր 265 դեպք, սակայն վարչական տույժ (տուգանք) կիրառվել է ընդամենը 49 անձի նկատմամբ (դեպքերի մոտ 18%-ով)։
Պատկերն ըստ Երևանի և մարզերի հետևյալն է. Կոտայքի մարզ. 103 դեպք (4 տուգանվող), Արարատի մարզ. 60 դեպք (15 տուգանվող), Գեղարքունիքի մարզ. 36 դեպք (2 տուգանվող), Երևան քաղաք. 16 դեպք (9 տուգանվող), Արագածոտնի մարզ. 15 դեպք (4 տուգանվող), Տավուշի մարզ. 8 դեպք (2 տուգանվող), Արմավիրի մարզ. 7 դեպք (6 տուգանվող), Լոռու մարզ. 7 դեպք (2 տուգանվող), Շիրակի մարզ. 6 դեպք (0 տուգանվող), Վայոց ձորի մարզ. 4 դեպք (3 տուգանվող), Սյունիքի մարզ. 3 դեպք (2 տուգանվող);

Ի պատասխան մեր այն հարցադրման, թե արդյոք նախատեսվո՞ւմ են օրենսդրական փոփոխություններ՝ պատասխանատվությունը խստացնելու կամ վերահսկողության մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ, Տեսչական մարմնից հայտնել են. «Տեսչական մարմինը, հաշվի առնելով արձանագրված տերևների և խոտածածկույթի այրման դեպքերի վիճակագրական տվյալները, նախապատրաստում է օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների փաթեթ»։

Միաժամանակ ԲԸՏՄ-ից ընդգծել են, որ վարչական վարույթ հարուցվում է ինչպես իրենց սեփական նախաձեռնությամբ՝ վերահսկողական շրջայցերի ընթացքում խախտումներ հայտնաբերելիս, այնպես էլ քաղաքացիների ու իրավաբանական անձանց դիմումների ու ահազանգերի հիման վրա։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված