Ներքին 15 րոպե առաջ - 12:00 28-11-2026

Ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ներկայացվող դիմումների թիվը աճել է․ Արփինե Սարգսյան

Բռնության դեմ պայքարը չի սահմանափակվում արձագանքման մեխանիզմների կատարելագործմամբ․ այն պահանջում է նաև կանխարգելում, բռնության ենթարկված անձանց պաշտպանության երաշխիքների ամրապնդում և կարծրատիպերի հաղթահարում։ Այս հարցերի շուրջ նոյեմբերի 27-ին պետական կառույցների, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համախմբել էր Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի մեկնարկին նվիրված համաժողովը, որին մասնակցել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Միջոցառման՝ «Ապահովել արդարադատություն, պաշտպանել բռնության ենթարկված անձանց և վերջ տալ անպատժելիությանը» խորագիրն ընդգծում է բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և անպատժելիության դեմ հետևողական պայքարի կարևորությունը։

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկման ընթացքում Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոլորտում առկա բացերին և դրանք հաղթահարելու ուղղությամբ նախարարության անելիքներին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և նրա աշխատակազմին՝ ընդգծելով համատեղ աշխատանքի արդյունավետությունը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ կարծրատիպային ընկալումներով պայմանավորված՝ խորապես արմատացած խնդիրների հաղթահարումը պահանջում է տարբեր կառույցների ջանքերի մեկտեղում, քանի որ առանձին գերատեսչությունների առաջարկած լուծումները բավարար չեն գործնական արդյունք ապահովելու համար։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է նախ ճիշտ գնահատել առկա խնդիրները՝ տեխնիկական հարցերից մինչև արժեքային մոտեցումներ։

Արփինե Սարգսյանը փաստել է, որ վերջին տարիներին ընտանեկան բռնության վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն ներկայացվող դիմումների թիվը զգալիորեն աճել է։ Սա դրական ցուցանիշ է, որը միաժամանակ պետության առջև նոր խնդիրներ է դնում։ Նրա խոսքով՝ պետությունը պետք է կարողանա պատշաճ արձագանքել բարձրացված խնդիրներին, կիրառել պաշտպանության համապատասխան մեխանիզմներ և հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել արդար լուծում՝ արդյունքը տեսանելի դարձնելով հանրությանը։

Նախարարը ոլորտում առկա խնդիրները խմբավորել է երկու ուղղությամբ՝ օրենսդրական և գործառնական։ Անդրադառնալով օրենսդրական դաշտի կատարելագործմանը՝ նա ընդգծել է, որ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը նախատեսում է տարիներ շարունակ բարձրաձայնվող մի շարք կարևոր հարցերի լուծումներ՝ բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել ամուր երաշխիքներ ապահովելու համար։

Խոսելով գործառնական խնդիրների մասին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է պետական մարմինների միջև միասնական մոտեցումների և խնդիրների շուրջ նույն լեզվով խոսելու մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարը կարևորել է մասնագիտական վերապատրաստումների շարունակականությունը՝ նշելով, որ ընտանեկան բռնության դեմ պայքարում ներգրավված բոլոր օղակները պետք է ունենան իրավիճակը ճիշտ գնահատելու և բռնության ենթարկված անձին անհրաժեշտ պաշտպանություն տրամադրելու գիտելիքներ ու հմտություններ։

Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ծրագրերի տնօրեն Աննա Սաֆարյանը։

Մասնակիցները մտքեր են փոխանակել բռնության ենթարկված անձանց ժամանակին պաշտպանելու, նրանց իրավունքների պաշտպանության երաշխիքներն ամրապնդելու և սոցիալական աջակցության մեխանիզմների վերաբերյալ։

Միջոցառումը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցությամբ։

Ամենից շատ դիտված

13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
19:10 Փաշինյան, պատասխան տուր, ո՞րն է Արմեն Գրիգորյանի հայրենիքը. Հայկ Դեմոյան
16:30 Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
17:01 Ապահովագրության գինը բարձրանում է, թանկարժեք դեղերը՝ դուրս մղվում. ինչ է սպասվում քրոնիկ հիվանդներին
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
23:26 Ամուսինս «Լիչի» ՍՊԸ-ն գնել է, հողի վարձակալությունն էլ՝ հետը. Ամասիայի համայնքապետ
19:39 Մեսսին կրկին կխաղա Արգենտինայում․ խաղին կարող է մասնակցել նաև Ռոնալդուն