Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 25-ի ամփոփ լուրը:
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, հայ ժողովրդի ազգային հերոս, ռազմական գործիչ, ազատամարտիկ և մտավորական Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Հայ ժողովրդի պատմության մեջ իր ուրույն տեղն զբաղեցրած Ավոն այսօր կդառնար 69 տարեկան։
Արցախյան պատերազմի տարիներին Մոնթե Մելքոնյանը դարձավ հայ ազատամարտի ամենանշանավոր հրամանատարներից մեկը։ 1992 թվականից ղեկավարելով Մարտունու պաշտպանական շրջանը՝ նա կազմակերպել է պաշտպանական գործողություններ և մասնակցել Արցախի ու Հայաստանի տարբեր շրջաններում մղված ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զինակիցների և մարտական ընկերների շրջանում նա հայտնի էր Ավո անունով։
Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացել է Հայաստանի ազգային հերոսի և Արցախի հերոսի բարձրագույն կոչումներին, ինչպես նաև մի շարք պետական պարգևների։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են չորս տասնյակից ավել հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ԵԱՏՄ շրջանակում արտաքին տնտեսական կապերի ընդլայնմանը, մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին։
Հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերի 22-ին կայանալիք նիստի օրակարգը։
«Ուժեղ Հայաստանն» իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը:
«Ինչ վերաբերում է ճնշումներին, այս իշխանություններից, իհարկե, ամեն ինչ էլ սպասելի է, ես առաջին անգամ եմ լսում ձևակերպումը, որը ասացիք, այսինքն հիմա կալանքներից դեռ չեն խոսում, հա, երևի, դեռ ուրիշ բնույթից են խոսում, ամեն ինչ էլ սպասելի է այս իշխանություններից, առնվազն կարող եմ ասել, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը գիտակցում է այն պատասխանատվությունը, գիտակցում է այն բեռը, վստահությունը, որը ստացել է մեր հայրենակիցներից և դրա շրջանակներում հստակ և վճռական «ոչ»-ը, որը մենք արձանագրել ենք։ Սա է»,- ասաց Վարդանևյանը՝ մեջբերելով իշխանության դիտարկումները, թե ընդդիմությանը վերբալ ճնշումների կենթարկեն՝ Սահմանադրության փոփոխման նպատակով հանրաքվե անցկացնելու համար:
Տեսանյութ: