Սոնա Ղազարյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ակնհայտ է, որ ընդդիմության նկատմամբ կա հանրային ճնշում։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե «հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, և ես կարծում եմ, որ կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային այդ տրամադրությունը լինի»։
Ի՞նչ հետևանք կունենա այս հանրային ճնշումը։
Կուսակցությունների նկատմամբ իշխանությունների կողմից գեներացվող ճնշումը քաղաքական բռնաճնշում է։ Այդպիսի ճնշումներ եղել են բոլշևիկների կողմից նախքան բռնապետության հաստատումը։ Այդպես վարվել են Չինաստանում՝ արգելելով բոլոր կուսակցությունների գոյությունը։ Այսինքն՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ հանրային ճնշման արդյունքում Հայաստանը կվերածվի բռնապետության, մարդկության համար չարիքի։
Այս պարագայում Հայաստանը կզրկվի քաղաքակիրթ երկրների աջակցությունից։ Այս իրավիճակից կօգտվեն ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամները և ոտնձգություն կկատարեն հայ ժողովրդի ազատության դեմ, ինչպես արեցին մի քանի տարի առաջ, երբ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ էր և ռուսական կուրս էր վարում։
Հիմա պատկերացրեք՝ Փաշինյանը հավաքում է ագրեսիվ խառնամբոխ ու նրանց գրգռում, տրամադրում ընդդիմադիր գործիչների դեմ, որոնք, իբր, խոչընդոտում են խաղաղությանը, 6 քվե չեն տալիս ՔՊ-ին, որ հարցը հանրաքվեի դրվի։
Ի՞նչ կանի գրգռված խառնամբոխը։
Ցույցերի պատմությանը ծանոթ մարդիկ գիտեն, որ գրգռված ամբոխը դուրս է գալիս քաղաքական առաջնորդների վերահսկողությունից ու զանգվածային անկարգություններ անում, այրում ավտոմեքենաներ, թալանում խանութներ և այլն։ Մարտի 1-ի տեսարանը թարմ է շատերի հիշողության մեջ։
Փաշինյանի կողմից գեներացվող հանրային ճնշման պարագայում ավելի վատ կարող է լինել, քանի որ նրա կողմից շպրտվող ատելության չափաբաժինը շատ մեծ է, և մարդիկ կարող են խելագարվել։ Հիշենք՝ տարիներ առաջ դատարանների առաջ պիկետ անելու նրա կոչին արձագանքեցին բազմաթիվ ՔՊ-ականներ, որոնք դատարանների շենքերի մոտ խուժանություն էին անում, քաշքշում դատավորներին, աշխատակիցներին։
Նույնպես առաջիկա հանրային ճնշման ժամանակ ՔՊ-ական խուժանը կարող է գրոհել ընդդիմադիրների ուղղությամբ, այրել մեքենաներ, թալանել խանութներ, կոտրել ապակիներ, քաշքշել ընդդիմադիր գործիչներին և այլն։
Անցյալ տարի Վեհարանի վրա կազմակերպված գրոհը հանդիպեց ընդդիմադիր ուժերի հավաքական դիմադրությանը և հետ մղվեց։ Ենթադրելի է, որ առաջիկայում հանրային ճնշման պարագայում մարդիկ կկանգնեն ՔՊ-ական խուժանի դեմ ու թույլ չեն տա նրան անկարգություն անել, ոտնահարել քաղաքական ազատությունը։
Չինական Մշակութային հեղափոխության տարիներին խունվեյբինները հրապարակավ ստորացնում էին մտավորականներին, արվեստի գործիչներին։ Ենթադրելի է, որ Փաշինյանի կամ Սոնա Ղազարյանի ակնարկած հանրային ճնշման ժամանակ կներգրավեն անչափահասների, հոգեկան խնդիր ունեցողների, խունվեյբինների նմանների, որոնք կգրգռվեն ու կմղվեն անկարգությունների։
Սակայն պատմությունը հուշում է, որ այսպիսի հանրային ճնշումը ռիսկային է։ 3 մլն մարդու կյանք խլած Մշակութային հեղափոխությունը տևեց 4 տարի և ավարտվեց հեղափոխության պարագլուխների մահապատժով։ Խունվեյբինները, սակայն, դրանից հետո շարունակեցին անկարգությունները և իշխանության խնդիր դրեցին։ Մաոն ստիպված բանակը ոտքի հանեց, որ խունվեյբիններին ոչնչացնի։
ՔՊ-ի կողմից գեներացվող հանրային ճնշման պարագայում ՔՊ-ական խուժանը նույնպես կարող է չբավարարվել անկարգություններով և իշխանության խնդիր դնել, հեղափոխություն անել, տապալել Փաշինյանին, քանի որ նա լավ չի պայքարում նախկինների, թալանչիների դեմ։
Կարճ ասած՝ ՔՊ-ի կողմից ակնարկվող հանրային ճնշումն, ըստ էության, խուժանություն է, բոլշևիզմ, հակաժողովրդավարական երևույթ։ Այն կարող է շրջվել Փաշինյանի դեմ և ավարտվել իշխանափոխությամբ։
Թաթուլ Մկրտչյան