«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր թիմակիցների հետ քննարկել է մայրաքաղաքի խցանումների դեմ պայքարի հերթական տարբերակը՝ Երևանի կենտրոնը Նոր Նորքի զանգվածին կապող ճոպանուղու կառուցման գաղափարը։
Սակայն այս պահին խոսքը դեռևս գաղափարի մասին է։ Հայտնի չէ՝ որտեղից որտեղ է անցնելու ճոպանուղին, քանի ուղևորի համար է նախատեսված լինելու, ինչ միջոցներով է կառուցվելու, որքան է արժենալու, չկա անգամ պատրաստի նախագիծ։
--
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանավանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, Լոռու Բերդի նախկին համայնքապետ Արայիկ Ներսիսյանը նեղացել է ՔՊ-ից ու հատկապես ընտրությունների կուրատոր Սուրեն Պապիկյանից եւ որոշել է չմասնակցել ավագանու նիստերին:
Թերթին պատմեցին, որ Արայիկ Ներսիսյանին մինչ ընտրությունները ՔՊ-ականները վստահեցրել են, որ վարչական ողջ ռեսուրսն իր օգտին են աշխատեցնելու, ասել են նաեւ, որ Գրիգորյանն իր ձայները տալու է իրեն՝ ինքն է համայնքապետ ընտրվելու, բայց հակառակը եղավ, եւ հիմա Ներսիսյանը, ըստ թերթի աղբյուրի, չի ուզում ավագանու նիստերին մասնակցել, մանավանդ որ մինչեւ ընտրություններն էլ, ասում են, անձնական թեմա է ունեցել Գրիգորյանի հետ, նույնիսկ բանը հասել է քաշքշուկի»։
--
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ կարկառունները վստահ են, որ անհրաժեշտ վեց ձայնը կստանան. «Թող իրենց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են և ամուր:
Երկու խմբակցությունում էլ կան մարդիկ, որ իրենց վարած գծի հետ լիքը անհամաձայնություն ունեն, իրենք կուրսի չեն, որ իրենց մեջ կռիսներ կան ու լավ էլ խոշոր կռիսներ»,- կես կատակ, կես լուրջ, պատերի տակ իրար հետ խոսելիս՝ նման բովանդակության զրույցներ է վարում ՔՊ վերնախավը»:
--
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 29-ին Հայաստանի յոթ մարզի 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Ամենաթեժ պայքարը, ըստ նախնական գնահատականների, սպասվում է Կապանում, Սևանում, Սպիտակում և Նոյեմբերյանում։
Կապանում ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ։ Գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը գլխավորում է «Շանթ» դաշինքը, ՔՊ-ի ցուցակը գլխավորում է ոչ այնքան լավ համբավ ունեցող, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցով հարստացած Նարեկ Բաբայանը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է Տիգրան Աղասյանը։
Կապանը, թերևս, այս ընտրությունների ամենաուշագրավ համայնքներից է։ Գևորգ Փարսյանի համար սա հնարավորություն է պահպանելու համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ ՔՊ-ի համար՝ իշխանության քաղաքական ազդեցությունը Սյունիքի կարևորագույն համայնքներից մեկում ամրապնդելու։ Այստեղ պայքարը լինելու է ոչ միայն ավագանու մանդատների, այլև համայնքի հետագա կառավարման շուրջ։
--