Ռուս-ուկրաինական պատերազմի և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Թուրքիան և Ռուսաստանը փորձում են ընդլայնել տնտեսական համագործակցությունը և ավելացնել երկկողմ առևտրի ծավալները։ Այս հարցերը կքննարկվեն նոյեմբերի 27-ին Ստամբուլում կայանալիք Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստում։
Նիստը կանցկացվի Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի համանախագահությամբ։ Նույն օրը նախատեսվում է նաև երկու երկրների գործարար համաժողով, որի ընթացքում կքննարկվեն առևտրի ծավալների ավելացման, փոխադարձ ներդրումների և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը։
Չնայած տնտեսական կապերի ծավալներին՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին նվազման միտում է ունեցել։ 2025 թ. Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 49.2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 6.5%-ով։ Թուրքիայից Ռուսաստան արտահանումը կազմել է 6.7 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 42.4 մլրդ դոլար։
2026 թ. առաջին 9 ամիսներին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 32.6 մլրդ դոլար։ Երկու երկրները նպատակ ունեն այն հասցնել 100 մլրդ դոլարի։
Երկկողմ տնտեսական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում էներգետիկ ոլորտը։ Ռուսաստանը Թուրքիայի հիմնական էներգամատակարարներից է։
Համագործակցության խոշոր ծրագրերից են «Աքքույու» ատոմակայանի կառուցումը և ռուսական գազը Թուրքիա ու Եվրոպա տեղափոխող «Թուրքական հոսք» գազատարը։ Թուրքիան նախատեսում է 2027 թ. սկսել «Աքքույու» ատոմակայանում արտադրված էլեկտրաէներգիայի օգտագործումը։
Զբոսաշրջությունը ևս երկու երկրների տնտեսական կապերի կարևոր ուղղություններից է։ 2025 թ. Թուրքիա այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը հասել է շուրջ 6.9 մլն-ի՝ 2024 թ. 6.7 մլն-ի դիմաց։
Ermenihaber