Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 37 րոպե առաջ - 14:00 19-11-2026

ԲԿ-ի տնօրենին ծեծել են, նոր Յալթան չստացվեց, Ալեն Սիմոնյանը՝ Բաքու, հրացանի փորձարկումը՝ փորձանք

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանն իր տարածաշրջանում թշնամի չունի, իսկ ամենամեծ թշնամին երկրում գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք քաղաքական միավորներ են ստեղծում։ Նա պնդել է, որ Սահմանադրությունը փոխելը պետք է հենց Հայաստանին՝ 90-ականների տեքստի ու այսօրվա իրողությունների տարբերության պատճառով, իսկ «այսպես կոչված անկլավների» հարցում Տիգրանաշենն անվանել է Քյարքի և հեգնական հարցրել՝ պատմությունը սկսե՞ն Տիգրան Մեծից, թե՞ Ադամ ու Եվայից, քանի որ անկախությունը հռչակվել է ոչ թե Մեծ Հայքում։

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցն այսօր դարձել է իշխանությունների քաղաքական և դիվանագիտական օրակարգի առանցքային թեմաներից մեկը։ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» համաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն այսօր առերեսվում է շուրջ հազար անհայտ կորածների խնդրին, որոնցից 777-ը անհայտ կորած են 90-ականների սկզբից, իսկ մյուսները՝ 2020 թվականի իրադարձություններից և դրանից հետո։ Վարչապետը նաև ուշագրավ խոստովանություն է արել՝ արձանագրելով, որ հարազատների շրջանում կա լրջագույն անվստահություն կառավարության նկատմամբ, քանի որ մարդիկ կարծում են՝ իշխանությունն ինչ-որ տեղեկություն ունի, բայց թաքցնում է։

Այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Փաշինյանը համարել է Հայաստան-Ադրբեջան համագործակցությունը, որն ինստիտուցիոնալ դարձնելու հարցը մանրամասն քննարկվել է Դուբլինում։ Թեմայի գործնական շարունակությանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Նա հայտնել է, որ ադրբեջանական կողմն արդեն ներկայացրել է անհետ կորածների հարցերով աշխատանքային պլանի իր նախագիծը, իսկ հայկական կողմն առաջիկայում կներկայացնի իր նախաձեռնությունները՝ երկու կողմերի ճանապարհային քարտեզները համադրելու համար։ Սիմոնյանի խոսքով՝ առաջին պատերազմի տվյալները կցկտուր են, սակայն անհետ կորածների ողջ մնալու հավանականությունն ամբողջությամբ չի բացառվում, և գործընթացում կարևոր դեր պետք է ունենա Կարմիր խաչը։ Ավելին՝ ԱԽ քարտուղարը տեղեկացրել է, որ դեկտեմբերին, պատասխան այցով մեկնելու է Ադրբեջան։

Արմավիրի մարզի Արևիկ գյուղում փորձարկման անվան տակ արված կրակոցը ողբերգական ավարտ է ունեցել։ Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 18-ի երեկոյան 25-ամյա տղամարդը տան բակում կրակել է իր «Տիր» օդաճնշիչ հրացանից և պատահաբար վիրավորել կնոջ 24-ամյա եղբորը։ Տուժածը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նոյեմբերի 19-ին մահացել է, իսկ 25-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական վարչություն։ Երբ բակում արված «պարզ փորձարկումը» վերածվում է անդառնալի կորստի, մնում է միայն հարցնել՝ որքան անփույթ պետք է լինել, որ անգամ օդաճնշիչ զենքը դառնա մահվան պատճառ։

Ծովակ բնակավայրի ճանապարհին երկու երիտասարդներ կանգնեցրել են աշխատանքից տուն վերադարձող 40-ամյա Շահեն Շ․-ի ավտոմեքենան և դաժան ծեծի ենթարկել նրան։ Պարզվել է, որ տուժողը «Վարդենիս» բժշկական կենտրոնի տնօրենն է, իսկ միջադեպի պատճառը նույն օրը հիվանդանոցում հետազոտվող կնոջն արված դիտողությունն է եղել։ Ծեծկռտուքը դադարեցվել է միայն տարածքով անցնող ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցների միջամտությամբ, իսկ 22 և 23 տարեկան երիտասարդները բերման են ենթարկվել ու խոստովանել կատարածը։

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել