«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընդդիմադիրները փորձելու են հանրությանը՝ յուրաքանչյուր քաղաքացու տեղ հասցնել իշխանության մտադրությունների մասին, թե ինչու են ուզում Սահմանադրությունը փոխել: Իսկ Նիկոլ Փաշինյանը տարատեսակ անլուրջ, բանանային սցենարներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական անվտանգային, սպառնալիք հանդիսացող հարցերից:
Հենց այս պատճառով ընդդիմադիրները կարծում են, որ այժմ առավել քան կարեւոր է հանրությանը տեղեկացնել իրական մարտահրավերների մասին, որպեսզի Փաշինյանին ու իր խմբակին չհաջողվի տարբեր շոուներով բթացնել ժողովրդի զգոնությունը»։
--
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վերնախավում տարակուսանք ու դժգոհություն է առաջացրել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը։
Իշխանական շրջանակներում այս պահին ոչ այնքան զայրացած են Գրիգորյանի հնչեցրած տեսակետներից, որքան փորձում են հասկանալ՝ ինչպես է մարդը շուրջ ութ տարի գտնվել իրենց քաղաքական թիմի ներսում, զբաղեցրել առանցքային պաշտոններ, բայց այդ ամբողջ ընթացքում կարողացել է մնալ այսքան փակ ու անհասկանալի իր թիմակիցների համար։
--
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում անկումային տրամադրություններ են։
Բանն այն է, որ նրանց մի մասը, հասկանալով, որ իշխանությունից ոչ պակաս վարկանիշի նվազման խնդիր ունեն, գտնում են, որ ինչ էլ լինի, պետք է դուրս գալ փողոց։
Մյուսներն ավելի ռադիկալ են տրամադրված, ընդհուպ՝ պատրաստ են մանդատները վայր դնել։ Սակայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն իրեն բնորոշ հանդարտությամբ՝ խաբար է ուղարկել, որ չշտապեն կտրուկ շարժումներ անել»։