Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 26 րոպե առաջ - 19:00 18-11-2026

Նախկինում դասի հասնելը 1,5 ժամ էր տևում, իսկ այժմ՝ 2,5 ժամ․ Էջմիածնեցի ուսանողներն ահազանգում են

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի երթևեկությունը բեռնաթափելու նպատակով մարզային տրանսպորտի մուտքի և կայանման նոր սահմանափակումներն առաջինը և ամենածանրն իրենց մաշկի վրա զգացել են Էջմիածնից մայրաքաղաք եկող ուսանողներն ու աշխատող քաղաքացիները։

Քաղաքապետարանի որոշումը՝ արգելել Էջմիածնից մայրաքաղաք եկող տրանսպորտի կայանումը Մատենադարանի տարածքում, իրականում ոչ թե լուծել է քաղաքի խցանումների հարցը, այլ ստեղծել է տրանսպորտային քաոս ու սոցիալական լուրջ բեռ՝ հարյուրավոր քաղաքացիների համար։ Չնայած ուսանողների բողոքի ալիքից հետո ավտոբուսներին և միկրոավտոբուսներին կրկին թույլատրվեց ուղևորներին հասցնել մինչև Մատենադարան, վերադարձի ճանապարհը վերածվել է ամենօրյա փորձության։

«Հենց նոր, երբ ես եկա համալսարան, կանգառում կար ընդամենը մի հոգի, ու այդ մի հոգին գնաց Էջմիածին։ Ավտոբուսը դատարկ էր, իսկ այն մարդիկ, ովքեր կարող էին քիչ անց նստել ու գնալ, ստիպված են հավաքվել ու սպասել մյուսին։ Եկեք երեկոյան ժամը 17:30-ին գնանք կանգառ ու տեսնենք, թե ինչ է կատարվում. առանց չափազանցնելու՝ մարդկանց մեծ խումբ է հավաքվում, ովքեր դեռ տուն պիտի հասնեն, գործեր ունեն։ Ուղղակի ծանրաբեռնվածությունից ելնելով՝ շատերը նախընտրում են գնալ «Կիլիկիա» ավտոկայան և այնտեղից տուն գնալ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է ԵՊՀ-ի ուսանողուհի Անին։

Նույն իրավիճակին է բախվում նաև Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Օֆելյան։ Նրա խոսքով՝ նախկինում դասի հասնելն իրենից խլում էր 1,5 ժամ, իսկ այժմ՝ առնվազն 2,5 ժամ, իսկ վերադարձն էլ ավելի բարդ է. «Ում բախտը բերում է, հասցնում է նստել ավտոբուս, գնում է տուն, իսկ ում բախտը չի բերում, ստիպված պիտի դասերից հետո գնա «Կիլիկիա» ավտոկայան։ Հիմա կարող է 40 րոպե մարդ հավաքվի, ու եթե նույնիսկ բախտդ բերի, որ ավտոբուսը գա, կյանքի ու մահու պայքար է գնում, թե ով կհասցնի նստել»,- ասում է Օֆելյան։

Վերջինիս խոսքով՝ երթուղու փոփոխությունը լուրջ ֆինանսական հարված է հասցրել ուղևորներին։ Եթե նախկինում էջմիածնեցիները 300 դրամով հասնում էին մինչև Մատենադարան, ապա հիմա նույն գումարը վճարում են մինչև «Կիլիկիա» ավտոկայան հասնելու համար, ինչին գումարվում է Երևանի ներքաղաքային տրանսպորտի ծախսը։ Արդյունքում օրական ծախսը հասնում է մոտ 1000 դրամի։ Խնդիրն էլ ավելի է սրվում երկրորդ հերթի ուսանողների համար։

Օֆելյայի դասերն ավարտվում են 18:30-ին, և երեկոյան խցանումների պատճառով նա չի հասցնում ժամանակին հասնել ավտոկայան՝ ուսանողական զեղչից օգտվելու համար։ Ուսանողների փաստում են՝ աշխատող քաղաքացիների վիճակն էլ ավելի ծանր է, քանի որ նրանք չունեն ուսանողական զեղչեր, իսկ խցանումների պատճառով պարբերական ուշացումները կարող են աշխատանքից ազատվելու պատճառ դառնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»