Ուղիղ եթեր
Ներքին 3 ժամ առաջ - 13:30 17-11-2026

Ավետիք Չալաբյանը դատախազությանը կոչ է արել կարճել քրեական վարույթը

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դատարանում հետազոտված ապացույցները ցույց են տվել՝ որևէ իրական ապացույց գոյություն չունի։

Նա կոչ է արել դատախազությանը՝ ապացույցների իսպառ բացակայության պատճառով կարճել քրեական վարույթը և այլևս ժամանակ չվատնել։

Չալաբյանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում դրված ձայնագրության մեջ որևէ հանցակազմի հատկանիշ առկա չէ։ «Դա վերացական և ենթադրական բնույթի խոսակցություն է, որը չի հանգեցրել որևէ պայմանավորվածության կամ գործողության»,- նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է նախաքննական մարմինն առանձնացրել միայն 4 րոպեանոց հատվածը, մինչդեռ հանդիպումը տևել է 35-40 րոպե, Չալաբյանը նշել է, որ կիրառվել է, իր բնորոշմամբ, «ծաղկաքաղի» տեխնոլոգիա․ «Առանձնացրել են առանձին հատվածներ և կպցրել իրար՝ արհեստական տպավորություն ստեղծելու համար»։

Ավետիք Չալաբյանի խոսքով՝ գործում չկան ո՛չ վկաներ, ո՛չ էլ տուժողներ։

Անդրադառնալով հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին՝ Ռուզան Ավագյանին, Չալաբյանը նշել է, որ անձամբ չի ճանաչում նրան, սակայն կարծում է, որ հաղորդումը ներկայացվել է Դանիել Իոաննիսյանի հանձնարարությամբ։