Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվել է «Երկրաշարժի դեպքում տարհանման, հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ուսումնավարժության նպատակը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ արձագանքող ուժերի պատրաստվածությունը ստուգելը, գործնական ունակությունները կատարելագործելն ու տարբեր ծառայությունների փոխգործակցությունը զարգացնելն էր։
Ըստ սցենարի՝ երկրաշարժի հետևանքով մասնակի փլուզվել էր դպրոցի մասնաշենքերից մեկը, իսկ երրորդ հարկի դասասենյակներից մեկում հրդեհ էր բռնկվել։ Կային պայմանական տուժածներ և փլատակներում արգելափակվածներ։
Ցնցումներից հետո դպրոցի անձնակազմը կազմակերպել էր աշակերտների տարհանումը դեպի անվտանգ տարածք, ինչից հետո իրականացվել էր անձնակազմի և աշակերտների անվանականչը։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ խմբեր և մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն իրականացրել էին հետախուզական, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ, միաժամանակ պարանային տեխնիկայի կիրառմամբ իջեցրել երրորդ հարկում արգելափակվածներին, իսկ փլատակներից պատգարակման միջոցով դուրս բերել պայմանական տուժածներին։
Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մասնաճյուղի արագ արձագանքման թիմի հետ համատեղ տուժածներին ցուցաբերվել էր առաջին օգնություն, տուժածներից ոմանք էլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել էին բժշկական կենտրոն։
Ուսումնավարժությունում ներգրավված էին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և համայնքային ոստիկանության ծառայողներ, «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների վթարավերականգնողական խմբեր, շտապօգնության ծառայության բրիգադ և Հայկական Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի արագ արձագանքման թիմը։