Մամուլ 1 ժամ առաջ - 08:20 30-10-2026

Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գոռավանցի հայտնի օրենքով գող հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի (Մարսո) որդուն Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբակալել են եւ մեղադրանք առաջադրել։ Մեղադրանքն առաջադրվել է քրեական ենթամշակույթին հարելու եւ շորթում կատարելու համար։ Նրա նկատմամբ տնային կալանք է սահմանվել։

Գոռ Պետրոսյանը կրիմինալ պատմության մեջ ներգրավվել է ոմն Կարապետ Ղազարյանի միջնորդությամբ, երբ վերջինիս բարեկամը խնդիր է ունեցել մեկ այլ անձի հետ՝ պարտքի պատճառով։ Գոռը խոստացել է միջամտել ու հարցը լուծել եւ դրա դիմաց Ռոբերտից պահանջել է 3 հազար 500 դոլար։ Այդ գումարը ստացել է ոչ թե կանխիկ, այլ Ռոբերտի օգտագործած մեքենան 3 հազար 500 դոլարով ավելի էժան գնելով։

Մյուս դեպքով էլ, ըստ իրավապահների, Գոռը ծեծել է մի քաղաքացու՝ նրա անձնական կյանքի հետ կապված հարցի պատճառով, իսկ հետո նրա եղբորից՝ Կարենից, պահանջել է 2 հազար դոլար, որպեսզի այդ տեղեկությունը չտարածի։

Կարապետ Ղազարյանի նկատմամբ էլ է մեղադրանք առաջադրվել․ նրան մեղադրում են պարտքի հարցը լուծելու առաջարկ անելու եւ քրեական ենթամշակույթի նպատակներն իրականացնելու մեջ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։