Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, այսօր կայացել է Վեհափառի եղբոր և եղբորորդու գործով լրացուցիչ դատալսումները։
Նախորդ դատական նիստում դատարանը հրապարակել էր վերդիկտը և մեղավոր ճանաչել Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին։
Այսօրվա դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց Գևորգ Ներսիսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 3 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվակցեկով նրա՝ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ մեղադրողը պահանջեց որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, միևնույն ժամանակ, նշված պատժին գումարել նախորդ վարույթով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատավճռի չկրած մասը՝ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ նշանակել 7 տարի 6 ամիս ժամկետով։ Ինչ վերաբերում է խափանման միջոցներին, ապա մեղադրողը գտնում է, որ դրանք պետք է պահպանվեն՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։ Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին է, որի ժամանակ դատարանը կլսի նաև պաշտպանական կողմին, ապա կհեռանա առանձին սենյակ։