Ներքին 42 րոպե առաջ - 18:00 15-10-2026

Ինչու է Փաշինյանը ձգձգում խաղաղության պայմանագրի ստորագրումը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Մինչ այսօր փորձագետները կարծում էին, թե Ադրբեջանը շարունակաբար ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ նորանոր նախապայմաններ առաջ քաշելով, Հայաստանից կորզելով զիջումներ։ Պարզվում է՝ այս ենթադրությունն այնքան էլ միանշանակ չէ։ Նիկոլ Փաշինյանին ևս ձեռնտու է, որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս ուշ ստորագրվի։

«Մեր առաջիկա ամենակարևոր անելիքը կամ եթե կուզեք՝ իմ առաջիկա ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Սա չի նշանակում, որ մենք որևէ այլ օրակարգից հրաժարվում ենք, բայց ես նաև ինքս ինձ համար խնդիր եմ դրել և կոնկրետ ժամանակացույցը մինչև 2031 թիվը հասնել այդ խնդրի լուծմանը։ Բնականաբար, սա նաև կառավարության և ընդհանրապես մեր քաղաքական թիմի անելիքն է, բայց ես, որպես ՀՀ վարչապետ, նաև իմ անձնական օրակարգի առումով շատ կարևոր եմ համարում, որ մենք այս խնդիրը մինչև 2031 թվականը լուծենք»,- ասել է նա՝ ընդգծելով, որ տեսնում է դրան հասնելու հնարավորությունը։

Ինչո՞ւ է այսքան ձգձգվում ստորագրումը։

2025-ի օգոստոսի 8-ին նախաստորագրելուց հետո Փաշինյանն ու ԱՄՆ պաշտոնյաները լավատեսություն էին հայտնում, որ առաջիկա 1-2 տարվա մեջ կստորագրվի պայմանագիրը։ 2026-ի նախընտրական շրջանում Փաշինյանը, ՔՊ-ականները խոստանում էին հայտնում, որ մի քանի ամիս անց կամ ամենաուշը՝ 2027-ին, կստորագրվի խաղաղությունը։ Դաշնակիցները, ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ևս լավատեսություն էին հայտնում, որ 2026-ին կամ ամենաուշը՝ 2027-ին, կստորագրվի։ Սրբուհի Գալյանը խոստանում էր, որ մարտին կհրապարակի ՀՀ նոր սահմանադրության տեքստը և ենթադրում, որ այն մի քանի ամիս անց կամ 2027-ին կդրվի հանրաքվեի։ Բաքվից էլ հավաստիացնում էին, թե երբ փոխվի ՀՀ սահմանադրությունը, դրանից անմիջապես հետո կարող են ստորագրել։ Իսկ հիմա Փաշինյանը սառը ցնցուղ է բացում և հայտարարում մինչև 2031-ը ստորագրելու ծրագրի և ինչ-որ անհասկանալի ժամանակացույցի մասին։

Այս հայտարարությամբ պարզ ակնարկվում է, որ Փաշինյանը հնարավոր ամեն ինչ անելու է, և մինչև 2031-ը չի ստորագրվելու պայմանագիրը։ Եվ նաև պարզ է, որ ձգձգմամբ նա փորձում է կրկին խաղաղրկել խաղաղության խաղաքարտն ու վերընտրվել նաև 2031-ին։

Ասում են, թե Արևմուտքը, ԵՄ-ն լուրջ ակնկալիքներ ունեն ՀՀ իշխանությունից։ Նրանք սատարեցին ռուսամետ ՔՊ-ին հունիսի 7-ին և հիմա ակնկալում են, որ ՀՀ իշխանությունը կիրականացնի ժողովրդավարական բարեփոխումներ, ՀՀ անկախության պաշտպանության ուղղությամբ ռեալ քայլեր։ Մարդիկ, հավանաբար, հավատում են, որ մենք դեսովետիզացման և լյուստրացիայի մասին օրենքներ կընդունենք, դուրս կհրավիրենք ռուսական զորքերը, ԵՄ-ին միանալու գործընթացի ուղղությամբ քայլեր կանենք, կհայտարարենք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու մտադրության մասին և այլն։

Սակայն Փաշինյանը, հավանաբար, վախենում է այսպիսի խիզախ քայլեր անել՝ կարծելով, թե այդ պարագայում Մոսկվան կտապալի իր իշխանությունն այնպես, ինչպես 2018-ին տապալեց Սերժ Սարգսյանին, Փաշինյանին էլ կարգեց ֆորպոստի վարչապետ։ Այդ պատճառով նա Արևմուտքին, ԵՄ-ին ասում է, թե իր օրակարգի առաջին հարցը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Եվ դա էլ նախատեսում է անել մինչև 2031-ը, այսինքն՝ մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Փաշինյանը, ենթադրաբար, կարծում է, թե ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ընդառաջ կգնան իր ժամանակացույցին և 2031-ին էլ կաջակցեն նրան՝ հույս ունենալով, որ դրանից հետո ՀՀ իշխանությունը վերջապես կիրականացնի խոստացված բարեփոխումներն ու ՀՀ-ն դուրս կբերի ռուսական հակաքաղաքակրթական գոտուց։

Մյուս կողմից՝ կարելի է նկատել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո ՀՀ իշխանությունը ոչ մի կերպ չի կարող ձգձգել ռուսներին դուրս հանելու թեման։ Ճանապարհների բացման ու գործարկման նախապայմաններից մեկն էլ այն է, որ ՀՀ-ն լիարժեք ինքնիշխան քաղաքականություն վարի։ Դրա համար են արտաքին գործընկերները շահագրգռված, որ ռուսական զորքերը դուրս բերվեն ՀՀ-Իրան, ՀՀ-Թուրքիա սահմանից, ՀՀ-ում ռուսական շահեր սպասարկողները դուրս մղվեն քաղաքական դաշտից։

Կարճ ասած՝ լավատեսորեն ենթադրելի է, որ եթե վաղը խաղաղությունը ստորագրվի, ապա հաջորդ օրը ՀՀ-ում տեղի կունենա իշխանափոխություն, կավարտվի Փաշինյանի դարաշրջանը, և իշխանության գան ժողովրդավարության ջատագով ուժերը։ Այս օրը ձգձգելու համար է նա ակնարկում, թե ձգձգելու է պայմանագրի ստորագրումը՝ մինչև 2031-ը, իսկ հետո էլ կսպառնա, որ եթե Արևմուտքը ՔՊ-ին չաջակցի, ապա իշխանությունը կհանձնեն պատերազմի եռագլուխ կուսակցությանը։


Թաթուլ Մկրտչյան

Ձեզ գուցե հետաքրքրի