Ուղիղ եթեր
Ներքին 57 րոպե առաջ - 16:30 13-10-2026

Ոնց ենք այսուհետ հավատալու մեր պետությանը

Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանը «Ազատությանը» մանրամասներ է պատմել հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած զինված միջադեպի մասին։ Կնոջ պատմածն էապես տարբերվում է պաշտոնական մեկնաբանություններից։

Ինչո՞ւ են պաշտոնյաները պատմում այլ բան, քան այն, ինչ տեղի է ունեցել իրականում։

Օրեր շարունակ իշխանական քարոզչությունը՝ Նիկոլ Փաշինյանից սկսած, տարբեր խոսափողներով վերջացրած, փորձում էին կատարվածը ներկայացնել որպես զինված հանցագործության սովորական պատկեր։ Ոմանք նույնիսկ փորձ էին անում մեղմացնել իրավիճակը։

Այնինչ՝ 39-ամյա կինը, ով այժմ բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներից մեկում, ասում է՝ հասել է տուն ու տեսել զենքը երեխաների վրա պահած տղամարդուն։ «Գնացի առաջ, տեսա՝ երեխեքի վրա է պահած: Առաջ գնացի, ինձ տեսավ, պահեց իմ վրա, մի հատ խփեց, չկպավ, էդ պահին առաջ եկա ... պահեց, որ տղայիս խփի: Ձեռքով պահեցի, ձեռքս վնասեցի: Հետո ինձ գցեց կառավաթի վրա ու խփում էր, էդ րոպեին եմ ես սկսել խփել: Աղջկաս ասել եմ՝ գնա դարպասը բացի, տղայիս էլ ուզեցի դուրս հանեմ, դուրս չեկավ: Էդ րոպեին զենքը պահեց դոշիս, որ խփի, ես թափով իջեցրի զենքը, ոտքիս կպավ: Էդ րոպեին ես ընկել եմ արդեն: Ընկած վիճակում էլի ուզեց խփի, տեսավ՝ ավտոմատի մեջ [փամփուշտ] չկա, թե ինչ, ուզեցավ էլի լիցքավորի: Պատրոնները վերցրեց, լիցքավորեց, մեկ էլ մի ձևի թուլացավ ու փախավ: Երեխեքը ասեցին՝ մամա փախավ ... դրանից հետո մորաքույրս է հասել, մի 5 րոպե հետո նոր ոստիկանները»,- «Ազատությանը» պատմել է Անի Ավետիսյանը՝ հավելելով, որ եթե ինքը չդիմադրեր, հետևանքները շատ ծանր կարող էին լինել. «Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա հա՛մ ես չէի լինի, հա՛մ էլ երեխեքը»:

Ավետիսյանի խոսքով՝ ադրբեջանցին մոտ 15 րոպե երեխաներին պատանդ պահած է եղել, մինչև ինքը Սիսիանից հասել է Շաքի: Ավետիսյանն, ի դեպ, ասում է՝ ողջ ընթացքում չի էլ հասկացել, որ իր տուն ներխուժած անձը ադրբեջանցի է, նա ողջ մենամարտի ընթացքում ձայն չի հանել։ Ծանր վնասվածքներ ստացած կինը զայրացած է, որ իրավապահները տեղի բնակիչներին չեն զգուշացրել, որ Սյունիքում սահմանը հատած ադրբեջանցի զինվորի են փնտրում: «Եթե զգուշացրած լինեին, երեխաներին դպրոց չէի ուղարկի, Շաքիում չէինք մնա»,- ասել է կինն «Ազատության» հետ զրույցում։

Փորձենք համադրել այս նկարագրությունը Փաշինյանի մեկնաբանության հետ։ «Կինը զանգել է ոստիկանություն։ Տունը, որտեղ ադրբեջանցին մտել է, մարդիկ այդտեղից բացակա են եղել մի քանի օր: Հետո երեխաները եկել են, տեսել են՝ տանն օտար մարդ կա, մայրիկը զանգել է ոստիկանություն, բայց մինչև ոստիկանությունը հասել է, մայրիկն ավելի շուտ է հասել: Եվ եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավանականությամբ ոչինչ տեղի չէր ունենա»,- ասել է Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում՝ անդրադառնալով թեմային վերաբերող հարցին։

Տեսանկյունների տարբերությունն ակնհայտ է։ Պարզ չէ՝ ինչ հիմքով է Փաշինյանը ենթադրում, որ եթե ոստիկանության գալուն սպասեին, ապա մեծ հավանականությամբ ոչինչ տեղի չէր ունենա։ Սակայն ակնարկը պարզ է, քողարկված հանդիմանանքը՝ նույնպես։

Ուշագրավ է նաև Նիկոլ Փաշինյանի՝ Radio France International-ին տված մեկնաբանությունն այս թեմայով։ «Այս դեպքը չի կարող կասկածի տակ դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Որովհետև նախ՝ Ադրբեջանը Հայաստանին տեղեկացրել է, որ իրենց մոտից զինծառայող է ինքնակամ լքել ծառայության վայրը, և իրենք փնտրում են ու չեն կարողանում հայտնաբերել նրան՝ դրանից ելնելով հավանականություն կա, որ վերջինս կարող է անցած լինել Հայաստանի տարածք։ Այս պահին քննությամբ առկա տվյալներով՝ զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, մուտք գործել ինչ-որ տուն, այնտեղ գիշերել, հետո եղել է այդ միջադեպը։ Սա սովորական կրիմինալ իրավիճակ է»,- ասել է վարչապետը։

Անի Ավետիսյանի վերը բերված պատմությունը, սակայն, դժվար է սովորական կրիմինալ իրավիճակ որակել։ Քաղաքացին կարծիք է հայտնում, որ եթե չդիմադրեր, ապա հետևանքները շատ ծանր կարող էին լինել։ Սա արդեն սովորական չէ։

Իշխանությունները լավատեսություն են հայտնում, որ ոչինչ կասկածի տակ չի դնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Եթե իրոք այսպես է, ապա ի՞նչ իմաստ ունի ենթադրյալ հանցանքը մեղմացնող նարատիվների տարածումը։ Դրանք ոչ միայն չեն մեղմացնում ենթադրյալ հանցանքը հանրության աչքում, այլև կասկած են առաջացնում, թե իշխանությունը ժողովրդի հետ չէ։

Նկատենք, որ օտարի կողմից պետական սահմանը զինված անցնելը, մի քանի օր ՀՀ տարածքում խորանալը, ենթադրյալ ծանր հանցանք կատարելը ոտնահարում են ազգային արժանապատվությունը, քանի որ ի ցույց են դնում ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ՆԳՆ-ի խոցելիությունը։ Միայն սա բավարար է, որ ազգային արժանապատվություն ունեցող քաղաքական գործիչը ենթադրաբար չմեղմացնի հանցագործության պատկերը։

Եվ պետք չէ երկրորդել, որ ՀՀ տարածքում օտարի ձեռքով ծանր վիրավորվել է ՀՀ քաղաքացին։ Առողջապահության նախարարի, ՔՊ-ական պաշտոնյաների այցերն Անի Ավետիսյանին կատարվեցին ընդգծելու համար, որ իշխանությունն իր քաղաքացու կողքին է։ Սակայն միջադեպը պարզ ու մեղմ գույների մեջ ներկայացնողները հակառակ տրամադրությունն են արթնացնում։

Պարզ ասած՝ Անի Ավետիսյանի վերը բերված վկայությունը լավատեսության տեղ չի թողնում։ Մեծ երևակայության պարագայում նույնիսկ հնարավոր չէ ենթադրել, թե ադրբեջանի զինծառայողի արարքի մեջ չարամտություն չի եղել։ Եվ իշխանական քարոզչամեքենան պետք է ոչ թե փորձի մեղմել պատկերը՝ ներկայացնելով այն որպես սովորական կրիմինալ, այլ պարտավոր է սպասել, մինչև քննչական մարմինները պարզեն միջադեպի հանգամանքներն ու մանրամասները։ Եվ դատարանի վճռից հետո միայն գնահատական ու որակում տան այս հանցանքին ու դրա հնարավոր ազդեցությանը խաղաղության գործընթացի վրա։

Մինչ այդ՝ նկատենք, որ ադրբեջանցու ենթադրյալ հանցանքը մեղմ գույների մեջ ներկայացնելը կարող է հանգեցնել ժողովրդի վստահության կորստին։ Եթե մարդիկ կկարծեն, որ վարչապետն իրենց կողմից չէ, ապա երես կթեքեն ոչ միայն նրանից, այլև պետությունից։ Իրոք, մարդիկ ո՞ւմ հավատան, երբ պետության-հայրենիքի գլխավոր պաշտոնյան իրենց կողմից չէ։ Վստահության այս կարգի դեֆիցիտը ռեալ վտանգում է խաղաղությունը։ Այս պարզ բանը գիտի քաղաքական կրթություն ստացած յուրաքանչյուր ոք։ Ուստի՝ ադրբեջանցի զինծառայողի արարքը մեղմող ենթադրյալ պատմույթներ տարածող մեծ ու փոքր պաշտոնյաները պետք է մի քիչ մտածեն, թե այդ մեղմացումներով պաշտպանո՞ւմ են, թե՞ ռեալ վտանգում խաղաղությունը։


Ձեզ գուցե հետաքրքրի