Ներքին Ուղիղ խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 18:21 05-07-2022

Մոռացա՞ք՝ ոնց էին բայրաքթարներով ոչնչացնում մեր երիտասարդներին, հիմա Գռզոների նման ասում ենք՝ տնտեսական դիվիդենտնե՞ր կստանանք․ Արամ Սարգսյան  

«Բերձորը շրջանցող ճանապարհը մեկ տարուց ավելի է՝ կառուցվում է, մենք, չգիտես ինչու, քնած էինք, թե տեղյակ չէինք։ Տարածքները հանձնելու համաձայնությունը տվել է այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ստորագրությունը, որ դրվել է Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, գրված է, որ պետք է այլընտանքային ճանապարհ կառուցել, որը շրջանցում է Բերձորը և 3 տարվա ընթացքում դա պետք է իրականացնել։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ հնարավոր է՝ մենք դեռ մեկ տարի ժամանակ ունենք Բերձորը փրկելու համար, ամեն ինչ կախված է նրանից, թե այդ մեկ տարվա ընթացքում մենք ինչ կանենք։

«Արցախում Վիտալի Բալասանյանը մեզ ներկայացրեց, թե ինչ ճանապարհ էին պարտադրում կառուցել ադրբեջայնցիները, իրենք ուզում էին անցկացնել այդ ճանապարհը ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ, բայց արցախցիները չեն համաձայնել և փորձել են համոզել, որ այլ ուղղությամբ պետք է ճանապարհ կառուցել, և դա իրենց հաջողվել է ռուսների շնորհիվ»։

Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա օրերին գազատարը, էլեկտրահաղորդման գծերը, ինտերնետային մալուխները կտեղափոխեն նոր ճանապարհով։

«Բերձորը հանձնողը Արցախ է հանձնում, բայց հիմա իրողությունն այն է, որ կամ պետք է այդ հատարարության տեքստն ամբողջությամբ չեղարկվի, իսկ այդ պարագայում պարզ չէ, թե ինչ մոտեցում կլինի դրսից, և թե ինչ գործողություններ է ուզում անել Ադրբեջանը։ Այսինքն՝ այս ամենը 44-օրյա պատերազմի հետևանքներն են, ու դրա պատասխանատուն իրեն հայտարարել է․ դա Նիկոլ Փաշինյանն է։ Եթե ինքը պատասխանատու է, պետք է իրենից հարցնել, թե ինչու է նա համաձայնել Բերձորը հանձնելու»։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների համար բացելուն՝ Սարգսյանն ասաց, որ 11 տարի է՝ բացատրում են գործող իշխանություններին, որ Նախիջևանը դարձել է ռազմական պոլիգոն։ «Ո՞ւմ դեմ, պարզ հասարակ տրամաբանություն, հո Իրանի դեմ չի, Հայաստանի դեմ է, ինչ պլաններ ունեն իրենք, իրենք դեռ Ռուսաստանի դեմ պատերազմ չեն ուզում անել։

Բեմահարթակում ամենակարևորը Ադրբեջանը չի, Թուրքիան է, Թուրքիան էլ չի թաքցնում, որ թուրքական աշխարհը միավորելու է, իսկ իրեն այդ ծրագիրն իրագործելուն խանգարում է Հայաստանի տարածքը։

Ո՞ւմ ուղեղում կարող էր ծնվել սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, երրորդ երկրների քաղաքացիները ո՞ւր են ուզում գնալ։ Դա ադրբեջանցիների ու թուրքերի համար է, այս պարագայում, եթե դուք դրան եք գնում, նշանակում է, որ դուք դավաճանում եք ՀՀ-ին և հայ ազգի շահերին։ Եթե սա չչեղարկվի, մենք ունենալու ենք տնտեսական աննեքսիա։ Իրենք չեն պարտաստվում թնդանոթով մեզ վրա կրակել։ Իրենք պատրաստվում են տնտեսական աննեքսիայի ենթարկել ողջ ՀՀ-ն։

Բայց թուրքը չի պատրաստվում Ձեզ հարստացնել, 100 տարի առաջ՝ ապրիլի 23-ին երեկոյան, երբ Զոհրապին ասում են՝ վաղը գալու են բոլոր հայերին, այդ թվում՝ քեզ ձերբակալեն, նա ասում էր՝ «ինչ կըսեք», սա՞ եք ուզում կրկնել։ Թուրքը իրականացնում է իր նպատակները։ Նրանք տնտեսական ներդրումնե՞ր են անելու, հանուն ինչի՞։ Մոռացաք՝ ո՞նց էին բայրաքթարներով ոչնչացնում մեր երիտասարդներին, մոռացա՞ք, որ գրոհայիններին իրենք էին բերել Ղարաբաղ, էս ամենը մոռանում ենք, ու Գռզոների նման ասում ենք՝ թե բա տնտեսական դիվիդենտներ կստանա՞նք, նրանք էն էլ ներդրումներ կանե՞ն, էն էլ կգան ու իրենց բիզնեսներն էլ իրենց ձեռքից կառնեն։ Սա է լինելու հայերի ապագան, եթե մենք չպաշտպանենք մեր արժանապատվությունը և ինքնությունը»։

Ամենից շատ դիտված