Ժողովրդավարության կարևոր սյուներից մեկը սեփականության սրբազան իրավունքն է, որը սրբազան դարձավ Բոնապարտի շնորհիվ։ Սակայն սեփականության իրավունքը սրբազան չէ ժողովրդավարական Հայաստանում։ Պարզապես՝ չեն հարգում։ Իշանությունները կամայականորեն սեփականության իրավունք են շնորհում և կամայականորեն էլ զրկում քաղաքացիներին այդ իրավունքից։
Երևանում, Շինարարների փողոցում այսօր, հոկտեմբերի 13-ին, քաղաքապետարանի աշխատակիցներն, արհամարհելով քաղաքացիների սեփականության իրավունքները՝ քանդում են քաղաքացիների սեփական խանութներն ու շինությունները։ Քաղաքացիներն իրենց ձեռքերին բարձր պահում են իրենց սեփականության իրավունքի վկայականները, ցույց տալիս, որ կրպակներն ու շինությունները իրենց են պատկանում սեփականության իրավունքով, սակայն քաղաքապետարանի աշխատողները դրանք հաշվի չեն առնում։
Սեփականտերերը պնդում են, որ իրենց պատկանող շինությունների քանդման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ, պատշաճ ծանուցումներ չեն ստացել, չգիտեն էլ թե ի՞նչ իրավական հիմքով են քանդում իրենց շինություններն ու կրպակները:
Ինչո՞ւ են քանդում Շինարարարների փողոցի այս սեփական կառույցները, ի՞նչ հետևանք կունենա սա, հնարավո՞ր է այն վերաճի հեղափոխության։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տան Երևանի քաղաքապետարանը և այն պաշտոնյաները, որոնց որոշմամբ իրականացվում են այս քանդումները։ Եթե շինություններն ապօրինի են կառուցվել, ապա իշխանությունները պարտավոր են ներկայացնել դրա իրավական հիմքերը, իսկ եթե սեփականատերերը դրանք ձեռք են բերել օրինական ճանապարհով, ապա ո՞վ է իրավունք տվել որևէ մեկին անտեսելու նրանց սեփականության իրավունքը։ Օրենքը պետք է գործի բոլորի համար, ոչ թե միայն այն ժամանակ, երբ իշխանություններին է ձեռնտու։
Սեփականության իրավունքը միայն մի քանի քառակուսի մետր տարածքի կամ մի քանի պատի հարց չէ։ Շատերի համար այդ փոքրիկ կրպակները, խանութներն ու շինությունները տարիների աշխատանքի արդյունք են, ընտանիքը պահելու միջոցը, իրենց վերջին եկամտի աղբյուրը։ Մարդիկ կարող են տարիներ շարունակ աշխատել, վարկեր վերցնել, գումար ներդնել գործի մեջ, իսկ մի օր տեսնել, թե ինչպես են իրենց աչքի առաջ քանդում ամեն ինչ։ Եվ այդ ամենն՝ առանց իրենց համար հասկանալի ու հիմնավորված բացատրություն ստանալու։ Կոպիտ ասած՝ թքած ունեն քաղաքացիների իրավունքների վրա՝ քանդում են։
Իշխանությունը չի կարող սեփականության իրավունքը դիտարկել որպես իրեն տրված արտոնություն, որը կարող է այսօր շնորհել, իսկ վաղը՝ խլել։ Եթե կան քաղաքաշինական խախտումներ, դրանց վերաբերյալ պետք է լինեն իրավական ընթացակարգեր, պատշաճ ծանուցումներ, որոշումներ, և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վիճարկելու դրանք։ Տասնամյակներ շարունակ այս կրպակներն ու շինություններն այս փողոցի վրա կանգնած են եղել։ Ի՞նչ է փոխվել, որ այսօր որոշել են քանդել դրանք։
Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսում է ժողովրդավարությունից, օրենքի գերակայությունից, քաղաքացիների իրավունքներից։ Բայց ժողովրդավարությունը միայն ընտրարշավի ժամանակ կարկանդակ ուտելը չէ։ Ժողովրդավարության իրական չափանիշն այն է, թե ինչպես են իշխանությունները վարվում քաղաքացու հետ, ինչպես են պաշտպանում նրա իրավունքները։ Տվյալ պարագայում իշխանությունները ոտնահարում են քաղաքացնիիերի իրավունքները և նույնիսկ թույլ չեն տալիս, որ նրանք իրենց բողոքը ներկայացնեն ու փորձեն դատարանով պաշտպանել իրենց իրավունքները։
Հատկապես վտանգավոր է, երբ մարդուն զրկում են ոչ միայն ունեցվածքից, այլև այն զգացումից, որ իր երկրում ինքը պաշտպանված է օրենքով։ Պետությունը պետք է լինի քաղաքացու իրավունքների երաշխավորը, ոչ թե այն ուժը, որից քաղաքացին ստիպված է պաշտպանել իր սեփականությունը ցույցով, դատարանով։
Ո՞ւմ համար են գործում օրենքները Հայաստանում, երբ քաղաքապետարանի աշխատակիցներն արհամարհելով քաղաքացիների սեփականության իրավունքը և մյուս փաստաթղթերը, շարունակում են քանդել նրանց ունեցվածքը։ Մի՞թե սեփականության իրավունքը միայն թղթի վրա է, իսկ իրական կյանքում ամեն ինչ կախված է Տիգրան Ավինյանի կամայականությունից։
Կարճ ասած՝ այսպիսի դեպքերը կարող են լայն դժգոհություն առաջացնել, քան թվում է առաջին հայացքից։ Այսօր Շինարարների փողոցի կրպակների ու խանութների սեփականատերերն են կանգնել խնդրի առաջ, վաղը նույն հարվածի տակ կարող են հայտնվել ուրիշները։ Արդյո՞ք այս բողոքի ալիքը կվերածվի այն հեղափոխության, որի մասին հաճախ կրկնում է Նիկոլ Փաշինյանը։
Թաթուլ Մկրտչյան