Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:06 11-02-2023

Շուկայում խայտառակ վիճակ է, սպառողի վրա «թքած» ունեն պատկան մարմինները․ Սյուզաննա Չիլինգարյանը մանրամասնում է

«Վերջին շրջանում ահագնացող են գնային թանկացումները, հատկապես առաջնային, պարենային սննդամթերքի առումով։ Ցավոք սրտի, սպառողները բողոքում են, որ առաջ նույնիսկ 5 հազար դրամով կարողանում էին ձեռք բերել առաջնային սննդամթերք, իսկ այսօր 25 հազար դրամով կարելի է ձեռք բերել ցածրորակ պարենային ապրանքներ, այն էլ՝ շատ սուղ քանակով»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը։

Չիլինգարյանը ցավում է, որ շուկան բարձիթողի վիճակում է։ «Մենք, ի պաշտոնե, էդ տեսակ հարցերով չենք զբաղվում, քանի որ, ըստ օրենսդրության, նման լիազորություն ունի միայն սննդի անվտանգության տեսչական մարմինը, որը զբաղվում է և սննդի անվտանգության, և որակի, և ծավալի, քաշի, բաղադրության հարցերով՝ որպես լիազորված, պաշտոնական, տեսչական մարմին։ Գուցե նրանք ունեն ռեսուրսի խնդիր, գուցե, կոպիտ ասած, թքած ունեն այս իրավիճակի վրա, գուցե իրավիճակն է այն աստիճան բարձիթողի, որ նույնիսկ նրանք չեն կարողանում կառավարել, փաստն այն է, որ շուկայում տիրում է բացարձակ անվերահսկողություն, ինչը բերում է նմանատիպ խախտումների։ Սպառողը ձեռք է բերում թանկ արժեքով մթերք, որը հասու չէ իրեն, և որի որակը չի համապատասխանում գնին։ Թվում է` եթե գումարը բարձրանում է, ապա բարձրանում է նաև որակը, բայց հակառակը։ Սա տեսանելի է հատկապես հացի առումով, երբ բարձրանում է գինը, սակայն պակասում է մթերքի քաշը, ծավալը, իջնում է որակը»,-մեկնաբանում է սպառողների շահերի պաշտպանը։

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահը անհանգստանում է այն հանգամանքից, որ արտադրողը խաբում է սպառողին․«Կաթնամթերքը երբ բացում ես, տեսնում ես, որ ծավալային առումով պակաս է, իսկ որակի մասին չեմ էլ ուզում խոսել։ Եթե ապրանքից փորձանմուշ վերցնենք և կատարենք լաբորատոր հետազոտություններ, կհասկանանք, որ կան խախտումներ կապված սահմանված չափորոշիչների հետ, ինչն էլ առողջական խնդիրներ է առաջացնում»։

Թանկացումները ակնհայտ են, այս պահին թերևս սպառողների շահերի պաշտպանների ձայնն էլ հաճախ խլանում է։ Սյուզաննա Չիլինգարյանը կարծում է, որ հանրությունը հարմարվում է ու ոչ հաճախ է պայքարում իր իրավունքների համար։

«Այսպես կարող ենք դիտարկել ցանկացած ոլորտ՝ կանաչեղեն, հացաբուլկեղեն, ձավարեղեն․․․ Մրգերի շուկայում հատկապես 10% և ավել թանկացումներ են գրանցվել, ինչը հասու չէ բոլորին։ Ձուն դիտարկենք․ շուտով Սուրբ զատիկի տոնակատարությանն ենք պատրաստվելու, կտեսնեք՝ ինչպես սաստիկ կթանկանա։ Նախ՝ մինչև Սուրբ Զատկի տոնը, կտեսնեք, որ պահանջարկը շատ է լինելու, առաջարկը՝ քիչ։ Խնդիրը նրանում չէ, որ արտադրության ծավալն է պակասում, այլ արտադրողը պահեստավորում է, ստեղծում է արհեստական դեֆիցիտ, որպեսզի առաջարկը քիչ լինի, և տնտեսվարող սուբյեկտը, իր կամքը, իր գինը թելադրելով, ապրանքը ներկայացնի շուկա՝ սպառողին թույլ չտալով կատարել ընտրություն։ Այսինքն սա ևս խախտում է, որը անվերահսկելի է։ Էստեղ ոչ միայն գործառույթ ունի սննդի անվտանգության տեսչական մարմինը, այլև տնտեսական մրցակցության հանձնաժողովը։ Մրցակցության խախտումը, դեֆիցիտի ստեղծումը, սպառողի մոլորեցումը․ սրանք ևս բավականին լուրջ խախտումներ են, որոնց շուրջ պետական կառույցները՝ իրենց լիազորության շրջանակներում, չեն աշխատում, ինչը անբարեխիղճ տնտեսվարողին բերում է այն մտքին, որ ինչ էլ որ անի, սպառողը՝ անհրաժեշտությունից ելնելով, ընտրելու է այն , ինչ առաջարկվում է»,-մեկնաբանում է մասնագետը։

Մեր զրուցակիը ընդգծում է՝ թանկացումների ֆոնին չկա եկամուտների բարձրացում։ Նվազագույն աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ՝ շեշտակի բարձրացել են նաև կոմունալ ծառայությունների, անշարժ գույքի ոլորտին առնչվող ծառայությունների գները։ Ստացվում է, որ ունենք ոչ միայն «թերսնված» հասարակություն, այլև տնազուրկ քաղաքացիներ։
«Թվում է, որ կառավարությունը և համապատասխան աթոռները զբաղեցնող պաշտոնյաները ոչ միայն չեն փորձում այս ամենը կարգավորել, այլև ավելի են ծանրացնում խնդիրը»,-հավելում է Սյուզաննա Չիլինգարյանը։

Լուսին Ղազարյան